կարևոր
3793 դիտում, 3 ամիս առաջ - 2022-03-07 17:06

Վազգեն Ռշտունու դեմ վարույթն ուղղորդված է. պնդում են փաստաբանները

Վազգեն Ռշտունու դեմ վարույթն ուղղորդված է. պնդում են փաստաբանները

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց։ Բաձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի մարտի 14֊ին, ժամը՝ 14։55֊ին։

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները պնդեցին միջնորդությունը՝ հայտարարելով, որ այն հիմնավոր է և ենթակա է բավարարման։ Եզրափակիչ ելույթում Վազգեն Ռշտունու ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության քննության ընթացքում վարույթի հարուցման օրինականության հետ կապված մտահոգությունները ոչ միայն չփարատվեցին, այլ՝ ավելի ամրապնդվեցին, ինչը բավարար է, որ ԲԴԽ֊ի կողմից միջնորդությունը մերժվի։ Մելիքյանի խոսքով՝ իրավունք ունեն համարելու, որ վարույթն ուղղորդված է։ Փաստաբանն ընդգծեց, որ փաստերի հիման վրա ստեղված ուսումնասիրությունը նախարարությունը ունակ չեղավ ներկայացնելու։ Չի հստակեցվել նաև, թե ինչու է ուսումնասիրությունն իրականացվել կոնկրետ տվյալ ժամանակահատվածում։

Քննության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Վազգեն Ռշտունին նշեց, որ հիմքեր ունի մտածելու, որ իր նկատմամբ մոտեցումը եղել է  խտրական: Նրա խոսքով, ինքը ԲԴԽ-ում խոսել է կոնկրետ փաստերով, թե ինչով է պայմանավորում այդ խտրական մոտեցումը։

«Իմ աշխատելաոճը պայմանավորված չի եղել այս կամ այն պաշտոնատար անձին կամ այս կամ այն անձին հաճոյանալու համար ինչ-որ որոշումներ կայացնելով, ընդ որում դա եղել է իմ գործունեության ոճը։ Ասեմ, որ նաև նախկին պաշտոնատար անձանց հետ նույնպես  իմ աշխատելաոճի հետ կապված եղել են խնդիրներ, եղել են ոչ բարյացկամ մոտեցումներ իմ նկատմամբ, սակայն այդ ամենն ինձ չի կաշկանդել »,- ասաց դատավորը։ 

Վազգեն Ռշտունու նկատմամբ վարույթը հարուցվել է արձակուրդում գտնվելու ընթացքում վարույթում եղած տասը գործ վերամակագրման հանձնելու համար: Ռշտունին երկու ամսով արձակուրդ է մեկնել` հիվանդության պատճառով, գործի քննության ընթացքում հայտնել և խորհրդին է ներկայացրել փաստեր այն մասին, որ արձակուրդում գտնվելու ընթացքում դատարանի այլ դատավորներ ևս գործեր են հանձնել` ըստ նպատակահարմարության, դադատարանում ձևավորված պրակտիկա է եղել: Խորհուրդը որոշումը կհրապարակի մարտի 14-ին: