կարևոր
4453 դիտում, 3 ամիս առաջ - 2022-03-05 15:41

Ոչ միայն հացը կարող է թանկանալ, այլ՝ Ռուսաստանից ներկվող բոլոր պարենային ապրանքները․ Արթուր Խաչատրյան

Ոչ միայն հացը կարող է թանկանալ, այլ՝ Ռուսաստանից ներկվող բոլոր պարենային ապրանքները․ Արթուր Խաչատրյան

Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ տնտեսության մեջ, այսօրվա կառավարության սխալ, կործանարար քաղաքականության հետևանքն է։ Չնայած Նիկոլ Փաշինյանը ինքը ծնունդով գյուղից է, սակայն չի գիտակցում գյուղատնտեսության նշանակությունը։ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով առաջիկայում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված հացահատիկի հնարավոր դեֆիցիտի, պարենային ապրանքների գնաճի և Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցության մասին, ասաց Գյուղատնտեսության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Գյուղատնտեսությունը բիզնես չէ։ Այո, ինտենսիվ խնձորի այգին բիզնես է, բայց հացահատիկի, պարենային անվտանգության զամբյուղի մեջ մտնող բնամթերքի մշակումը պարենային անվտանգության մաս կազմելով՝ ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է։ Այն ժամանակվանից սկսած, երբ այս իշխանությունները փոխեցին իրենց գյուղատնտեսական քաղաքականությունը, ես մշտապես ահազանգում էի, որ մենք պարենային անվտանգության խնդիր ենք ունենալու։ Ինչ վերաբերում է հացահատիկի մշակմանը և ներկրմանը, ապա պետք է նշել, որ  հացահատիկի մեր բերքի բավարարումը 50%-ի կարգի է, մենք ներմուծում ենք դրսից, ընդ որում զգալի մասը ներմուծում էինք Արցախի Հանրապետությունից։ Բայց այս իշխանության օրոք այն տարածքները, որտեղից մենք հացահատիկ էինք ներմուծում, հանձնվեցին Ադրբեջանին։ ԱԺ-ում, երբ Հռիփսիմե Ստամբուլյանը կոնկրետ հարց տվեց, Նիկոլ Փաշինյանը հարցին չունենալով բովանդակային պատասխան, այն տարավ էմոցիոնալ դաշտ, անհավասարակշիռ պատասխան տվեց, փորձեց շրջանցել հարցը։  Բայց այդտեղ մի բառակապակցություն դուրս մնաց հանրության ուշադրությունից՝ այն, որ այդ տարածքներում ցորենի բիզնես էին անում․ միգուցե ինչ-որ մարդիկ ցորենի բիզնես էի անում, բայց այդ  ցորենի բիզնեսով պարենային անվտանգության հարց էր լուծվում։ Հիմա դա չկա»,- ասաց Խաչատրյանը։

Հաշվի առնելով, որ հացահատիկի հիմնական մասը մենք ներմուծում ենք հիմնականում ՌԴ-ի հարավից, Խաչատրյանը նշեց, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումից հետո պարզ դարձավ, որ պարենային ապանքների դեֆիցիտի վտանգ կա, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնել է։

«Հիմա մենք այդ վտանգի առաջ ենք կանգնած, ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով հնարավոր է Ռուսաստանը սահմանափակի հացահատիկի արտահանումը երկրից։ Հիշենք, որ 2020 թ-ին քովիդի ժամանակ Ռուսաստանը սահմանափակեց հացահատիկի արտահանումը, իհարկե դա չվերաբերվեց ԵԱՏՄ երկրներին, բայց հնարավոր է, որ այս անգամ դա նաև Հայաստանին վերաբերվի»,- ասաց Խաչատրյանը։

Պատգամավորի խոսքով՝ որպեսզի Հայաստանը նվազեցնի արտաքին շուկայից կախվածությունը, երկրի ներսում պետք է զարգացնի հացահատիկի արտադրությունը։

«Վահան Քերոբյանը ասաց, որ քանի որ գարնանացանի արդյունավետությունը ցածր է, գարնանացանի սերմնացուն չեն սուբսիդավորելու, այսինքն՝ մարդը փոխանակ մտածի ինչպես բարձրացնի արդյունավետությունը, ասում է չէ, արդյունավետությունը ցածր է, ուրեմն չենք ֆինանսավորելու։ Մարտի 3-ին միայն կառավարությունը հայտարարեց կալիումային, ազոտական և ֆոսֆորական պարարտանյութի սուբսիդավորման մասին, երբ արդեն սկսվել է գարնանացանը և արդեն աշնանը ցանած ցորենի համար պետք է պարարտանյութ տան, այսինքն սխալ քաղաքականության հետևանքով մեր աշնանացանը և գարնանացանը ռիսկի տակ են։ Վաղը մենք իրոք կանգնելու են  հացահատիկի դեֆիցիտի առաջ»,–ասաց նա։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ պետք է խթանել տեղական սերմնաբուծությունը և հացահատիկի արտադրությունը, ինչպես նաև  շտապել ռուսական հացահատիկին փոխարինող այլընտրանքային շուկա գտնել և որպես օրինակ բերեց Ղազախստանը։

«Ոչ միայն հացը կարող է թանկանալ, այլ բոլոր այն պարենային ապրանքները, որոնք ներկրում ենք ՌԴ-ից։ Եթե հացահատիկը թանկանա, այն շղթայաձև ռեակցիա է ունենալու։ Սելիտրայի գինը 8000-ից դարձել է 20․ 000, եթե կառավարությունը չմեղմի պարարտանյութի գինը, դա ևս հանգեցնելու է գնաճի, եթե պետությունը պարարտանյութը հասանելի չդարձնի, գյուղացին կամ չի ցանի իր դաշտը, կամ արտադրանքը շատ ավելի թանկ կլինի»,- ընդգծեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ի ցանքատարածությունները բավական չեն հացահատիկի պահանջները բավարարելու համար, բայց այն կարող է ապահովել մինիմալ քանակ և էականորեն նվազեցնել հացահատիկի դեֆցիտը։ Խաչատրյանը վտահ է՝  ստեղծված  խնդիրները հետևանք են պետական գյուղատնտեսական քաղաքականության բացակայության։