Մարտի 5-ին պաշտոնական այցով Բաքվում է գտվում թուրքական պատվիրակությունը՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու գլխավորությամբ: Պատվիրակության կազմում է նաև թուրք բանագնաց Սերդար Քըլըչը:
Ալիևն ու թուրք նախարարը կրկին խոսել են Շուշիի համաձայնագրից: «Երեք ամսից մենք նշելու ենք հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձը։ Սա պատմական փաստաթուղթ է։ Փաստորեն, թուրք-ադրբեջանական հարաբերությունները միշտ եղել են դաշնակցային, և դաշինքը ապրում է մեր ժողովուրդների սրտերում»։ Այս մասին Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն ասել է Ալիևը։
Մևլութ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ Բաքուն և Անկարան դաշնակիցներ են եղել դեռևս Շուշիի հռչակագրից առաջ։ «Հռչակագրի իրականացման համար մենք աշխատում ենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ միասին։ Մենք աշխատում ենք ոչ միայն արտգործնախարարների մակարդակով, մենք պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք։ Ինչպես արդեն նշեցիք, ադրբեջանա-թուրքական հարաբերությունների ամրապնդումը շատ օգտակար կլինի ոչ միայն երկու ժողովուրդների շահերի և նրանց կապերի ամրապնդման, այլև տարածաշրջանում կայունության և խաղաղության համար։ Այդ իսկ պատճառով մենք աշխատելու ենք եռակողմ և քառակողմ ձևաչափերով՝ ապահովելու, որ հռչակագրում պարունակվող հարցերն արտացոլվեն տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերություններում», - ասել է Չավուշօղլուն։
Նշենք, որ Բաքվում գտնվող թուրքական պատվիրակության կազմում ներգրավված Սերդար Քըլըչը Էրդողանի հրամանագրով նշանակված է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ: Սերդար Քըլըչը ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանն է, որը հայտնի է Ցեղասպանության ժխտման իր հետևողական գործունեությամբ:
Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Շուշիի հռչակագրի հիմքում թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգն է։ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, այնուհետեւ այդ երկու երկրների խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագիրը» սպառնալիք է հայկական երկու Հանրապետությունների, հայ ժողովրդի գոյությանը: Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական մեծամասնությունից պահանջում էր դատապարտել հակահայ հռչակագիրը, սահմանել Հայաստանի կարմիր գծերը: «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շուրջ միավորված թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքը թյուրքական աշխարհը միավորելու համար «Զանգեզուրի» միջանցքին է ձգտում: Դա փաստացի ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխանության դեմ, երրորդ նրանք որոշել են պայքարել Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ:
Ընդդիմադիր երկու խմբակցություններն արտահերթ նիստում ներկայացրին այս հռչակագիրը դատապարտող հայտարարությունը, որը սակայն մերժեց իշխող Քաաղքացիական պայամանգիր խմբակցությունը՝ բոյկոտելով նիստը: