Մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, Հայաստանի Հանրապետության վարչապետ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմաքաղաքական հրամանատարներից։ Ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Արարատ գյուղում: 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։ 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Սարգսյանն իր առաջին վեպը գրել է 1980 թվականին և 1985 թվականին դարձել Հայաստանի գրողների միության անդամ։ 1986-1989 թվականներին գլխավորել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը։ 1986 թվականին հրատարակվել է նրա առաջին գիրքը՝ «Հացի փորձություն»-ը:
Սարգսյանը ընտրվեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր 1990 թվականի ընտրություններում։ Նա եղել է Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ մինչև 1991 թվականի դեկտեմբերը։ Իր նախաձեռնությամբ հիմնադրվել են «Երկրապահ» կամավորականների ջոկատները։ 26 ջոկատից բաղկացած 2 300 անձնակազմով այն առաջին պաշտոնական հայկական զինվորական ստորաբաժանումն էր, որը գործում էր Մոսկվայից անկախ։
Վազգեն Սարգսյանը նշանակվեց անկախ Հայաստանի առաջին Պաշտպանության նախարար 1991 թվականի դեկտեմբերին։ 1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց, որով պաշտոնապես ստեղծվեցին Հայաստանի զինված ուժերը։ Սարգսյանի կոչով ձևավորված գումարտակը՝ «Արծիվ մահապարտներ»-ը, կազմավորվեց 1992 թվականի օգոստոսի 30-ին՝ գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանի հրամանատարության ներքո և պարտության մատնեց ադրբեջանական զորքերին Մարտակերտի շրջանի Գանձասար վանական համալիրի և Չլդրան գյուղի մոտ, համապատասխանաբար, 1992 թվականի օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին։ Համաձայն Հայաստանի պաշտպանության նախարարության՝ մահապարտների գումարտակը կանգնեցրեց ադրբեջանցիների առաջխաղացումը։ 1992 թվականի հոկտեմբերից մինչև 1993 թվականի մարտը Վազգեն Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի նախագահի խորհրդականի պաշտոնը պաշտպանության հարցերի գծով և Հայաստանի սահմանամերձ գոտիներում Հայաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը։ Դրանից հետո նա նշանակվել է Հայաստանի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար։
1993 թվականին Սարգսյանը հիմնեց և գլխավորեց Երկրապահ կամավորական շարժումը, որի մեջ ընդգրկվեց մոտ 5,000 պատերազմի վետերան: 1995 թվականի հուլիսի 26-ին Վազգեն Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար։ Նա մնաց այս պաշտոնին մոտ չորս տարի: 1995 թվականին Վազգեն Սարգսյանը օգնեց Տեր-Պետրոսյանի Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը հաղթել խորհդարանական ընտրություններում և անցկացնել սահմանադրական հանրաքվեն, որը նախագահին տվեց ավելի մեծ լիազորություններ՝ դատական և իրավական համակարգում։
Սարգսյանը նաև օգնեց Տեր-Պետրոսյանին 1996 թվականի նախագահական ընտություններում: 1998 թվականի հունվարի 23-ին քաղաքական ճգնաժամը հասավ իր գագաթնակետին, երբ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ սատարում է Ռոբերտ Քոչարյանին, և մեղադրեց ՀՀՇ կուսակցությանը՝ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու մեջ։ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց 1998 թվականի փետրվարի 3-ին:
Մարտի 30-ին կայացած ընտրությունների արդյունքներով Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը: Միաժամանակ Երկրապահը միավորվեց Հայաստանի հանրապետական կուսակցության հետ, 1998 թվականի ամռանը վերցրեց կուսակցության անվանումը և նրա իրավական կարգավիճակը: Չնայած Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախագահը չէր, սակայն նա համարվում էր կուսակցության ոչ պաշտոնական առաջնորդը:
1999 թվականի մարտի 30-ին Վազգեն Սարգսյանը և 1998 թվականի նախագահական ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցրած նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանը հայտարարեցին դաշինք կազմելու մասին՝ իրենց գլխավորած Ժողովրդական և Հանրապետական կուսակցությունների միջև: Խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 1999 թվականի մայիսի 30-ին: Սարգսյան-Դեմիրճյան «Միասնության դաշինք»-ը ստացավ ընտրողների ձայների 41,5 %-ը: 1999 թվականի հունիսի 11-ին Սարգսյանը դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ, իսկ «Միասնության դաշինք»-ի մյուս համանախագահ Կարեն Դեմիրճյանը ընտրվեց Ազգային ժողովի խոսնակ:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 17:15-ի սահմաններում, հինգ անձ, այդ թվում՝ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարենը, նրա մորեղբայր Վռամը և երկու այլ անձ, զինված Կալաշնիկովի ինքնաձիգերով մտան Հայաստանի Ազգային ժողովի շենք, երբ այնտեղ տեղի էր ունենում կառավարության հարցուպատասխանը։ Նրանք գնդակահարեցին Վազգեն Սարգսյանին, Ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, Ազգային ժողովի անդամներ Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին և Միքայել Քոթանյանին։ Հրաձգության արդյունքում վիրավորվեցին խորհրդարանի մոտ 30 անդամ։ Խումբը պնդում էր, որ նրանք իրականացնում են պետական հեղաշրջում: Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին։ Հոկտեմբերի 27-ը հայտարարվեց հիշատակի օր:
Վազգեն Սարգսյանին շնորհվել են Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները՝ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։ 1999 թվականի դեկտեմբերի 28-ի Նախագահի հրամանագրով՝ Երևանի ռազմական ուսումնարանը կոչվեց Վազգեն Սարգսյանի անվամբ։ Նույն հրամանագրով Հանրապետական մարզադաշտը Երևանում նույնպես կոչվեց նրա անվամբ։ 2002 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեդալ թողարկեց Վազգեն Սարգսյանի անվամբ։