կարևոր
5761 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-04 17:54

Զինծառայողներին վերաբերող ընդդիմադիրների նախագիծը մերժվեց, իշխանականը՝ դեռ կքննարկվի

Զինծառայողներին վերաբերող ընդդիմադիրների նախագիծը մերժվեց, իշխանականը՝ դեռ կքննարկվի

Խորհրդարանը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկը՝ հեշտացնել զինծառայողներին վարձավճարի փոխհատուցում տրամադրելու կարգը:

Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, փոփոխությունն էր առաջարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է բնակարանով չապահովված զինծառայողին ֆինանսական փոխհատուցում տրամադրել միայն կադաստրի եզրակացությամբ և զինծառայողից այլևս չպահանջել նոտարական վավերացմամբ փաստաթուղթ: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 22 կողմ, 62 դեմ, 2 ձեռնպահ ձայն:

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ քննարկումների արդյունքում արձանագրվեց՝  ներկայացված օրենսդրական նախաձեռնությունն,  այնուամենայնիվ, չի լուծում խնդիրները, այլ առաջացնում է  նաև իրավական խնդիրներ, ուստի առաջարկեց իրենց խմբակցությանը  դեմ քվերակել։

Թագուհի Թովմասյանի խոսքով, իհարկե, կանխատեսելի էր Անդրանիկ Քոչարյանի դիրքորոշումը։

«Փաստորեն այն, որ նախագիծը հետ է գնում, քննարկվում է պատկան գերատեսչությունների  հետ, ստանում է այդ գերատեսչություների դրական  արձագանքը, արձանագրվում է բոլոր կողմերից, որ կա խնդիր, այսօր վարձով ապրող զինծառայողները  վարձով ապրելու  համար շարունակում են խարդախության հոդվածով դատապարտվել, ձեր առաջարկով  այդ գործընթացը կշարունակվի, զինծառայողները կշարունակեն դատապարտվել, իսկ  լուծում դուք այդպես էլ չառաջարկեցիք»,- հայտարարեց Թ.Թովմասյանը։

Նախագծով առաջարկվում էր «ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկվում է ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով»: Մասնավորապես, առաջարկվում է զինվորականներին միայն կադաստրի եզրակացությամբ տալ վարձավճարի փոխհատուցում։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։  Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին։ Դեմ քվեարկող չկար, իսկ կողմ էր 69 պատգամավոր։

Նախքան քվեարկությունը «Հայաստան» խմբակցության  ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ  այս նախաձեռնության շրջանակներում բավականին լուրջ քննարկում են իրականացրել և դեռ պետք է շարունակել։

«Իրականում,  զինվորական ծառայության հետ կապված նախաձեռնություններին դրական կողմից մոտ լինելով, այնուամենայնիվ, այստեղ մենք խնդիրներ ենք տեսնում՝ ընդհանուր զորահավաքային, անհատական  պատրաստության վերաբերող։ Մենք մեր  առաջարկությունները ներկայացրել ենք, առաջինից երկրորդ ընթերցման հատվածում կքննարկենք։ Մենք էլ ձեռնապահ քվերակենք»,- նշեց նա։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ արձանագրում են՝ այս ուղղությամբ բավականին մեծ անելիքներ կան, փոփոխության անհրաժեշտություն կա, բայց գլխավոր  նպատակների  հասնելու ճանապարհները իրենց մոտ էականորեն տարբերվում են նախագածի հեղինակի մոտեցումներից։ «Մեր վերջնական  դիրքորոշումը մենք կձավորենք առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում, երբ  փոփոխությունները վերջնական տեսք կստանան։ Այս  պահին մենք նախաձեռնությանը ձեռնպահ ենք քվեարկում»,- հայտարարեց նա։

Նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությանից ազատվելու հնարավորութուն տալ պատերազմի ժամանակ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին։