Անկասկած մեր վերաբերմունքը զոհված, անհետ կորած, գերեվարված և վիրավորված զինծառայողների ընտանիքների նկատմամբ պետք է բարձր մակարդակի լինի և մենք խոնարհվում ենք բոլորի կատարած սխրանքի և հիշատակի առջև: Բայց յուրաքանյուրաքանչյուր այսպիսի բարեփոխում պետք է համահունչ լինի բանակի բարեփոխումին նաև, իսկ այդ հայեցակարգը մենք դեռևս չենք տեսնում: Ազգային ժողովում զինծառայողներին և նրանց ընտանիքներին վերաբերող օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Բնականաբար զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի, զինծառայողների սոցիալական պաշտպանության և նրանց հավասարեցված անձանց պաշտպանության միտված օրենքների փոփոխությունների նկատմամբ մենք դրական տեսակետ ունենք, և այդ առումով ես գտնում եմ, որ նման քայլերն անհրաժեշտություն են: Չափազանց նուրբ հարց ենք քննարկում, բայց ես կուզեի, որ հարցի քննարկումը և ընդունվող որոշումը երկու տեսանկյունից նայենք: Առաջինը՝ պետությունների հզորությունների հաշվարկման տեսնակյունից, այսինքն յուրաքանչյուր պետություն, տարածք, բնակչություն, տնտեսություն, բանակ, բանակի վերականգնման խնդիրներ, ռազմավարական նպատակ, հավաքական կամք և հայրենասիրական դաստիարակություն: Այս առումով կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ, կապ չունի, թե ինչ կարգավիճակ ունի, պետք է համապատասխան մասնագիտական ունակություններ ձեռք բերի նաև զորահավաքային խնդիրների իրականացման առումով, քանի որ հետագայում նա ևս պետք է մասնակցություն ունենա երկրի պաշտպանության գործում»։
Սեյրանը Օհանյանն առաջարկում է լուծման երկու տարբերակ՝ կամ օրենքի շրջանականերում ընդգրկված զինվորական ծառայության ընթակա անձինք կամ 6 ամսյա ուսումնական դասընթացներ անցնեն համապատասխան անվտանգության պայմաններում կամ իրենց ծառայությունը շարունակեն, բայց անվտանգ պայմաններում:
Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ այսօր բանակը համալրման խնդիրներ ունի, և բանակը ծանրության տակ չպետք է դնել: Խնդիրները պետք է դիտարկել ու շտկել։