կարևոր
4270 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-04 12:52

Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին

Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին

Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Խորհրդարանը Վահագն Խաչատուրյանին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել էր մարտի 3-ին: Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր, դեմ`0 պատգամավոր: Երկրի նախագահն ընտրվել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայների շնորհիվ, ընդդիմությունը չի մասնակցել նախագահի ընտրությանը և չի առաջադրել թեկնածու:

Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը:

Սահմանադրության 124-րդ հոդվածի համաձայն՜ Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:  Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:

Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Այժմ ՀՀ նախագահի պաշտոնակատարն է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։