կարևոր
5266 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-04 10:30

Մելիքսեթ Պողոսյանին չեն նեղացնի, պաշտոն կտան. «Հրապարակ»

Մելիքսեթ Պողոսյանին չեն նեղացնի, պաշտոն կտան. «Հրապարակ»

Սյունիքի արդեն նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անակնկալի է եկել իր պաշտոնանկության մասին որոշումից, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Չնայած տևական ժամանակ է` մամուլը գրում էր այդ մասին, սակայն, ըստ թերթի, Պողոսյանը երկու օր առաջ էլ մարզպետարանի աշխատակազմին վստահեցրել է, թե դրանք սուտ լուրեր են, ինքը շարունակելու է աշխատել:

Ինչպես հայտնում է թերթը, նորընտիր մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը տրամադրված չէ կադրային ջարդ անելու, սակայն փոփոխություններ կլինեն։ Որպեսզի նրան չնեղացնեն, մտադիր են նշանակել ՊՆ-ի խորհրդական:

Հավելենք, որ Կալավանի նախկին գյուղապետ, վարչապետի խորհրդական նշանակված Ռոբերտ Ղուկասյանը մոտ երկու տարի է՝ Սյունիքում է ապրում։ Տևական ժամանակ է նա Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարն է՝ կառավարությունից Սյունիքին տրամադրվող գումարներով հասցրել է մարզում շահել հազարավոր սյունեցիների սիրտը։

«Ուստի, ասում են, նրա նշանակումը մարզում դրական են ընդունել։ Մեղրիի համայնքապետն էլ, նշանակման թանաքը դեռ չչորացած, շնորհավորել է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջով»,–գրում է թերթը։

Նշենք, որ երեկ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդեն շուրջ կես ամիս աշխատում էր Սյունիքում որպես տվյալ մարզի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար։ Նա փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղվել էր Սյունիքի մարզ։ Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել 2019թ. օգոստոսի 22-ից։ Մինչ այդ` 2017-2018թթ.–ին, նա եղել է Ճամբարակ համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական։