կարևոր
6001 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-03 21:41

«Զվարթնոցում» մի շարք չվերթներ չեղարկվում են. կալանվել է մեկ ինքնաթիռ

«Զվարթնոցում» մի շարք չվերթներ չեղարկվում են. կալանվել է մեկ ինքնաթիռ

«Զվարթնոց» օդանավակայանից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ մի քանի չվերթներ այսօր չեն կայացել: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանից:

2536 չվերթը, որ նախատեսված էր 15։15-ին չի կայացել: Ուղևորներին հորդորում են դիմել ավիաընկերությանը: «Ուրալյան ավիաուղիների» Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն այսօր այդպես էլ Երևան չի հասել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ինքնաթիռն օդ է բարձրացել է Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանից՝ Երևանի «Զվարթնոց» ուղևորվելու համար, այնուհետև վայրէջք է կատարել Մինվոդիում, ապա վերադարձել Մոսկվա։

«Ուրալյան ավիաուղիների» Երևան-Մոսկվա չվերթը պետք է կայանար ժամը 15։15-ին։ Այն, որ թռիչքը չի կայանալու, ուղևորներն իմացել են արդեն օդանավակայանի սահմանային վերահսկողությունն անցնելուց հետո։ Ուղևորներից մեկը հայտնեց, որ չվերթի չեղարկման պատճառների մասին իրենց մանրամասներ չեն հայտնել, գրանցել են կոնտակտային տվյալներն ու խոստացել են հավելյալ տեղեկացնել՝ չվերթի իրականացման մասին։

Ուշացումով կիրականացվեն Մոսկվա և Սոչի մեկական չվերթներ:

Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից մեկական չվերթ ևս չի կայացել: Սանկտ Պետերբուրգից 18:45-ի և Մոսկվայից 14:15-ի չվերթներն են չեղարկվել այս պահի դրությամբ:

Երևանում այսօր նաև կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը։ Տեղեկությունը հայտնում է «Авиаторщина» Telegram ալիքը։

«S7 Airlines-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթերը այն բանից հետո, երբ նրա օդանավը կալանվել է Երևանում։ Կալանված մեքենայի վարձակալը VP-BSZ գրանցման համարով SMBC Aviation Capital-ն է, որը ճապոնական Sumitomo Mitsui-ի դուբլինյան լիզինգային ստորաբաժանումն է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ «S7 Airlines»-ը պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հարկադրված է եղել մասնակիորեն կրճատել թռիչքային ծրագիրը՝ կապված սահմանված սահմանափակումների հետ և չեղարկել միջազգային ուղղություններով որոշ չվերթեր: