Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ կատարվեց երեկ այս դահլիճում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պետք է լուրջ մտահոգի ամբողջ հանրությանը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը.
«Իսկ ի՞նչ կատարվեց: Մեր գործընկերը, օգտվելով իր իրավունքից, հարց ուղղեց կառավարության ղեկավարին առ այն, թե այսօր մենք մի իրավիճակում ենք, երբ հանձնել ենք Արցախի 75%-ը թշնամուն, կորցրել ենք Արցախից Հայաստան հացահատիկ ներկրելու հնարավորությունը, որը կազմում է մեր հացահատիկի պահանջարկի մոտավորապես 20%-ը: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով չի բացառվում, որ Ռուսաստանն արգելի իր երկրից հացահատիկի արտահանումը, և այդ համատեքստում արդյո՞ք մեր կառավարությունը քայլեր է ձեռնարկում հացահատիկի պաշարներ ձեռք բերելու ուղղությամբ:
Եվ կառավարության ղեկավարը անհասկանալի, անբացատրելի անհավասարակշռությամբ սկսեց գոռալ՝ ի պատասխան այդ հարցի:
Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ ի՞նչ է թվում, ինչպե՞ս որևէ երկրի վարչապետ կարող է իրեն թույլ տալ այդ երկրի խորհրդարանում, ում առաջ եկել է պատասխաններ տալու՝ ի պաշտոնե, գոռալ, դրսևորել հոգեպես անհավասարակշիռ պահվածք: Ո՞րն էր այդ պահվածքի պատճառը:
Ես կարող եմ մի քանի պատճառի մասին խոսել:
Նախ՝ նա շատ լավ հասկանում է, որ բոլոր իր խոստումները՝ ձեզ համար լավ կյանքի հիմքեր ստեղծելու, ի վիճակի չէ իրականացնել: Նա շատ լավ հասկանում է, որ դուք, սիրելի՛ հայրենակիցներ, վաղուց արդեն չեք հավատում այդ ստերին, չեք խաբվում այլևս այդ խոստումներով: Ձեր ամենօրյա կյանքում տեսնում եք գնաճ, կոմունալ ծախսերի ավելացում, մահեր, զոհեր, տարածքային կորուստներ, պարենային անվտանգության հարցեր: Նա շատ լավ հասկանում է, որ, նմանատիպ հարցադրումներին սուտ խոսքերով պատասխանելով, ինքն այլևս ոչ մեկին չի հավատացնելու:
Երկրորդ՝ նա իսկապես անհասկանալի վախերի մեջ է և ամեն մի՝ իր համար ոչ ցանկալի հարց նրա մեջ արթնացնում է այդ վախերը:
Ես 2 օր առաջ այս ամբիոնից հարցրեցի այն մասին, թե ոստիկանական ուժերի կուտակումները, ի պաշտպանություն այդ անձի, որքանո՞վ են օրինական և արդյունավետ, որ այդ ամենը ընդամենը 1 անձի վախերը փարատելու համար են, և այդ խոսքերը դահլիճում իշխանական ներկայացուցիչների կողմից բողոքի ալիքի արժանացան, բայց ընդամենը մի քանի ժամ անց տիկին Ջուլհակյանը իր 10 րոպեանոց ելույթով փորձեց հիմնավորել այդ միջոցառումների օրինականություն և, որ ավելի կարևոր է, իրենց հիշողությունների հիմքի վրա ձևակերպեց հիմնավորումներ և բացատրեց, որ այդ վախերն անտեղի չեն:
Լավ, տիկի՛ն Ջուլհակյան: Դուք ոչինչ չեք մոռացել, հետևաբար, գտնում եք, որ վախերն անտեղի չեն: Ձեր գործն է, վախեցե՛ք: Բայց Դուք մի կարևոր վախի մասին չխոսեցիք:
Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ ի՞նչ է թվում, արդյոք մեր երկրին այդքան վախերով պատված կառավարություն, խորհրդարանական մեծամասնություն և վարչապետ է պե՞տք: Արդյոք այդքան վախերով կառավարելը չի ունենա ֆիզիկական և հոգեկան անցանկալի հետևանքներ: Մի՞թե նման վախ չունեք, տիկի՛ն Ջուլհակյան:
Ինձ թվում է, որ ձեր ղեկավարի երեկվա անհավասարակշիռ պոռթկումը ապացուցում է, որ նման վախ արժե ունենալ:
Երրորդ՝ դուք վախենում եք նույնիսկ քննարկել, կրկնում եմ, քննարկել, ոչ թե ընդունել հանրության սոցիալական վիճակի բարելավմանը միտված՝ ընդդիմության բերված ցանկացած առաջարկ:
Սիրելի՛ հայրենակիցներ, ընդդիմությունն առաջարկում էր վերանայել կենսաթոշակների և նպաստների չափերը, կիրառելով ինդեքսավորում, որը հնարավորություն կտար գոնե դրանց չափերը փոփոխելի դարձնելու՝ գնաճին, թանկացումներին համարժեք:
Մյուս առաջարկը, որի քննարկումը նորից մերժվեց, հետևյալն էր՝ քանի որ կառավարության ծրագրում խոստացել էին, որ մինչև 2026 թ․ նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների ու նպաստների հաշվարկի հիմքում դնելու էին նվազագույն և սպառողական զամբյուղների արժեքները, ընդդիմությունն առաջարկում էր այդ համապատասխանեցումը ապահովել օրենքով և այդ գործընթացը իրականացնել աստիճանաբար՝ սկսած 2024 թ․-ից՝ այդ հարաբերությունը սահմանելով 70%, 25 թ․-ին՝ 80%, և այդպես շարունակ:
Բայց մեծամասնությունը նորից դեմ էր նույնիսկ հարցի քննարկմանը: Եվ պարոն Կոնջորյանն այս առաջարկներն անվանում է քաղաքական սոփեստություն՝ հիմնավորելով այդ կարծիքն այսպես՝ ընդդիմությունը գիտի, որ այսօր նման բան անելը հնարավոր չէ, և առաջարկում է:
Իսկ եթե դուք գիտեք, որ դա հնարավոր չէ, ապա ինչու եք նման նշաձող սահմանել ձեր ծրագրում: Մենակ թե չասեք, թե ծրագիրը մշակելիս հնարավոր չէր կանխատեսել, հատկապես՝ եթե հաշվի առնենք, որ խոսքը 2021-ին գրված ծրագրի մասին է: Փաստորեն, սիրելի՛ հայրենակիցներ, այս իշխանությունը առաջարկում է կառավարության ծրագրում և իրենց նախընտրական քարոզարշավում հնչեցրած խոստումների կատարմանը սպասել լավագույն դեպքում միայն 2026-ին և միանգամից: Ինչքանո՞վ է դա իրատեսական, դուք գնահատեք:
Քաղաքական սոփեստություն չէ՞ արդյոք, կառավարության այն հայտարարությունը, թե 2022 թ․-ին բարձրացվելու են թոշակները, որը հանրության մոտ դրական սպասումներ է առաջացնում, բայց չի նշվում, որ 480.000 թոշակառուներից ընդամենը 21.600-ի թոշակն է բարձրանալու և միայն՝ 2600 դրամով: Եթե քաղաքական սոփեստություն չէ, ապա առնվազն քաղաքական մանիպուլյատիվ սուտ է:
Պարո՛ն Կոնջորյան, քաղաքական սոփեստություն չէ՞ արդյոք, կառավարության ձեր ղեկավարի անհավասարակշիռ պահվածքը հիմնավորելը ձեր ուժի ստացած ձայների քանակով,
քաղաքական սոփեստություն չէ՞ արդյոք, այդ անհավասարակշիռ մարդու ձեռքում կենտրոնացնել օրենսդիր, գործադիր, դատական մարմինները, հիմա նաև՝ նախագահի պաշտոնը՝ աելով, թե հանրությունը ձեզ լեգիտիմ իրավունք է տվել:
Սիրելի՛ հայրենակիցներ, եթե այսպես շարունակվի, ապա մեր երկիրը սահուն կգնա բեռնապետության, ընդ որում՝ անհավասարակշիռ, մեր էպոսի հերոսներից Վերգոյի կերպարն ընտրած բռնապետիկի ղեկավարությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ, ժամանակն է արդեն միանալու դիմադրության շարժմանը, որի շարքերում արդեն տասնյակ հազարավորներ են գրանցվել և մեր երկիրը փրկել դեպի հայաթափում, դեպի թուրքացում տանող այս իշխանությունից: Եվ դա լինելու է:
Հեռու չէ նոր արշալույսի բացման օրը: