կարևոր
3610 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-03 18:17

Աղվան Հովսեփյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

Աղվան Հովսեփյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի մեղադրանքն օրերս լրացվել է՝ ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածով՝ իբրև լիազորությունները չարաշահելուն դրդելու հատկանիշներով, ինչից հետո վարույթն իրականացնող մարմինը Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել։

Ավելի վաղ դատարանը, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը` առանց բավարար հիմքերի: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դատարանի որոշումը գնահատել էր որպես ոչ իրավաչափ և տեղեկացրել, որ որոշման դեմ բողոք կներկայացվի:

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։

Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։

Կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։