ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Պուտինը վստահություն է հայտնել, որ Խաչատուրյանի գործունեությունը կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխշահավետ եվրասիական ինտեգրացիոն գործընթացի առաջ գնալուն՝ ի շահ եղբայրական ժողովուրդների, տարածքային անվտանգության ու կայունության ամրապնդման։
ՀԻշեցնենք, որ այսօր Վահագն Խաչատուրյանը երկրորդ փորձից ընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում: Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր, դեմ`0 պատգամավոր: Երկրի նախագահն ընտրվել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայների շնորհիվ, ընդդիմությունը չի մասնակցել նախագահի ընտրությանը և չի առաջադրել թեկնածու:
Վահագն Խաչատուրյանը պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակայնորեն հրաժարական է տվել` պատճառաբանելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Այսօր երկրի նախագահի լիազորություններն անցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, մինչ նոր նախագահի ընտրությունները: