կարևոր
4507 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-03 17:18

Շուշին ու Հադրութը հանձնվել է ձեր իշխանության ժամանակ. Սեյրան Օհանյան

Բանակցային գործընթացում մշակված փաստաթղթերում առաջնահերթը եղել է Արցախի ինքնիշխանությունը՝ իր պատմական տարածքում, և ոչ երբեք՝ տարածքների հանձնումը: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան Փաշինյանի՝ երեկ արված ջղագրգիռ հայտարարությունների

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ հետագա բանակցային գործընթացի ձախողման, պատերազմի հրահրման գործում իր դերակատարումն են ունեցել ՀՀ գործող իշխանությունները, այլ հարց է՝ անգիտակցաբար, թե բանակցային գործընթացին չտիրապետելու հետեւանքով։ 

«Հայաստանը եւ Ղարաբաղը երկար տարիներ՝ 1994թ․ պայմանագրի ստորագրումից հետո, եղել են միասնական, համախմբված համակարգ՝ եւ՛ տնտեսության, եւ՛ գյուղատնտեսության, եւ՛ անվտանգության ոլորտում։ Եվ երբ կառուցվում էր անվտանգության այդ համակարգը, իմ ղեկավարները բանակցությունների շրջանակներում երբեք չէին խոսում զորքերի վերադարձի կամ դուրսբերման մասին։ Ընդհակառակը։ Նրանք ասում էին՝ ամրապնդեք դիրքերը։ Եվ այդ դիրքերը ամրապնդվում էին։ Հետագայում դա կարող է նպաստել մեր շահերի եւ բանակցային դիրքերի ամրապնդմանը»,- ասաց Օհանյանը։ 

«Բանակցային գործընթացի ոչ լիարժեք իմացությունը, հայտարարությունները, թե «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ», «Ես չեմ կարող բանակցել Ղարաբաղի անունից», կապիտուլյացիայի մասին Արցախի անունից փաստաթղթի հետագա ստորագրմամբ, թույլ տվեցին հակառակորդին համապատասխան եզրակացություններ անել եւ օգտվել ստեղծված իրավիճակից՝ սադրանք իրականացնելով»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով պատերազմին՝ նա ընդգծեց, որ Շուշին եւ Հադրութը հանձնվել են, եւ այս դեպքում այլ տեսակետ լինել չի կարող։

«Շուշին և Հադրութը հանձնվել են պատերազմի ժամանակ՝ մարտերով և առանց մարտերի: Այստեղ ուրիշ տեսակետ կա՞, որ հանձնվել է, և այն հանձնվել է ձեր իշխանության ժամանակ: Որևիցե մի այլ պաշտոնյա, որ այդ ժամանակ լծակ չի ունեցել, չէր կարող որևէ ներդրում ունենալ և պաշտպանել, առավել ևս, որ երկրի ներսում չի մոբիլիզացվել ամբողջ ներուժը»,- հայտարարեց գեներալն ու հատուկ ուշադրություն հրավիրել, որ դատաիրավական համակարգի կողմից մատը մատին չի խփվել՝ համատարած անօրինականության, կարգ ու կանոնի բացակայության, խուճապի դեմ խիստ միջոցներ ձեռնարկելու համար։ Ավելին, ինչպես նշեց Օհանյանը, այդ ամենը խրախուսվել է այսօրվա իշխանության ղեկավարի կողմից՝ կոչումներ բաժանելով։

«Ինչո՞ւ թուրքերի հասցեին կոշտ հայտարարություններ ու վիրավորանքներ չեն հնչում։ Չի կարելի նման անհանդուրժողականություն դրսեւորվել։ Ոչ ոք չի կարող խոցել մեր արժանապատվությունը։ Մենք թույլ էլ չենք տա խոցել մեր արժանապատվությունը։ Վիրավորանքներն անընդունելի են, եւ ես չեմ ուզում իջնել այդ մակարդակին»,- ասաց Օհանյանը։

Իսկ ինքը որոշումներ չընդունելու կամ ոչ գրագետ որոշումներ ընդունելու պատճռով թույլ է տվել, որ թուրքերը ներխուժեն, եւ իրենք հանձնել են ոչ միայն Արցախի, այլ՝ Հայաստանից տարածքներ ու դիրքեր: Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ հողերի հանձնում: Ինչու է վրդովվում, եթե դա իր ժամանակ է եղել: Սա հասկանալու փոխարեն, եկել մատ է թափ տալիս՝ փողոցային լեզվով: Ինքը թող էդ ամեն ինչը իր կառավարությունում թափ տա, մնացածն էլ ծափ տան»,- ամփոփել է Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։