կարևոր
4606 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-03 13:09

Իշխող խմբակցությունն ընտրեց իր միակ թեկնածուին. ՀՀ նախագահն է Վահագն Խաչատուրյանը

Իշխող խմբակցությունն ընտրեց իր միակ թեկնածուին. ՀՀ նախագահն է Վահագն Խաչատուրյանը

Վահագն Խաչատուրյանը երկրորդ փորձից ընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում: Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր, դեմ`0 պատգամավոր: Երկրի նախագահն ընտրվել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայների շնորհիվ, ընդդիմությունը չի մասնակցել նախագահիընտրությանը և չի առաջադրել թեկնածու:

Սա ՀՀ նախագահին ընտրելու երկրորդ փուլն էր։ Երեկ` փետրվարի 2–ին, կայացավ նախագահի քվեարկությունը, որի արդյունքների մասին այսօր հայտնեցին. 69 կողմ ձայնով Խաչատուրյանը չէր ընտրվել։

ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, իսկ իշխող խմբակցությունը 71 պատգամավորով է ներկայացված ԱԺ–ում։ Իսկ արդեն երկրորդ փուլով, ՀՀ  Սահմանադրությամբ, նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ էր 64 ձայն:

Սահմանադրության 124-րդ հոդվածի համաձայն՜ Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:  Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:

Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Այժմ ՀՀ նախագահի պաշտոնակատարն է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը: