կարևոր
4177 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-03 12:48

Վեդիում արտահերթ ընտրությունների նախապատրաստման համար ոստիկանությանը հատկացվեց մոտ 11 միլիոն

Վեդիում արտահերթ ընտրությունների նախապատրաստման համար ոստիկանությանը հատկացվեց մոտ 11 միլիոն

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց մոտ 11 մլն դրամ հատկացնել ոստիկանությանը մարտի 27-ին կայանալիք Վեդիի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար։

Օրակարգում ընդգրկված 16-րդ հարցը վերաբերում է այդ որոշման նախագծին։ 

Ընտրողների ցուցակների տպագրության, ընտրողների ծանուցման համար ոստիկանությանն անհրաժեշտ է տրամադրել 10,836.0 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Վեդիում մարտի 27-ին նշանակված են արտահերթ ՏԻՄ համամասնական ընտրություններ:  Կառավարության՝ հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները: Մինչ արտահերթ ընտրությունները Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գարիկ Սարգսյանը, որն արդեն հասցրել է ազատվել ընդդիմադիր, ինչպես նաև իրեն նախորդ ընտրություններում պարտության մատնած համայնապետերից։

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում արտահերթ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ պարտության մատնվեց։

Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որեւէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձեւավորելու համար: «Իմ հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու, Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը նշել էր, որ «Քաղաքացիական պայմանագրին» և «Հանրապետությանը» կոալիցիա կազմելու առաջարկ չեն անելու։ Արդյունքում, «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել՝ պարտադրելով նոր ընտրություններ: