Իրավիճակը ռուս-ուկրաինական հակամարտության տարածքներում. ամփոփ
- Նախորդ գիշեր Կիևում և Ուկրաինայի մյուս քաղաքներում միացվել է օդային տագնապի ազդանշանը։ Ականատեսները նշում են, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական կողմից հրթիռահրետակոծությունն էականորեն մեծացել է։
- Կիևում մի քանի պայթյուն է տեղի ունեցել։
- Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևը հայտարարել է, որ ռուսական զորքերը մտել են քաղաք, բայց այն մնում է ուկրաինական դրոշի տակ։
- Խարկովում շարունակվում է հրթիռակոծությունը։ Նշվում է տասնյակ վիրավորների և զոհերի մասին։
ՌԴ պաշտպանության նախարարության՝ այսօր առավոտյան հայտնած տվյալների համաձայն.
- Բալակլեա քաղաքն ազատագրվել է,
- Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Չիստոպոլյեն, Նովոպոլտավկան, Ժովտնեվոյեն։
- ՌԴ-ի զինված ուժերը գերճշգրիտ զենքերով ոչնչացրել են Կիևի Լիսայա Գորա շրջանում գտնվող ռեզերվային տեխնոլոգիական ռադիոհեռուստակենտրոնը։
- Դոնեցկի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Վինոգրադնոյե, Վոդյանոյե, Սարտակա բնակավայրերը և նեղացրել Մարիուպոլի շուրջ ձևավորած օղակը։
- Լուգանսկի զորքերը մեկ օրում առաջ են շարժվել 4 կմ և դուրս են եկել Կրասնի Լիման-Պրիվոլյե-Սևերոդոնեցկի սահմանագիծ:
- Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ցամաքում ոչնչացրել են 49 ինքնաթիռ, իսկ օդում՝ 13 ինքնաթիռ։
- «Ռազմական գործողության» ողջ ընթացքում խոցվել է ուկրաինական 1612 ռազմական օբյեկտ, այդ թվում 62 ինքնաթիռ, 606 տանկ և այլ զրահամեքենա, համազարկային կրակի 67 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու և ականանետերի 227 միավոր, 53 անօդաչու թռչող սարքավորում։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան հայտարարության համաձայն՝
- Ռուսական զորքերը խոշոր քաղաքներում շարունակում են բնակելի թաղամասերի հրթիռակոծումը,
- Զոլոչև, Խարկով, Բալակլեա քաղաքների շրջաններում ընթանում է հարձակողական գործողություն։ Մարտեր են ընթանում Էներգոդարի շրջանում։
- Սև ծովի ավազանում նկատվում է ռուսական նավատորմի դեսանտային ուժերի շարժ։
❗️ Երկիր մեդիան փոխանցում է միայն պաշտոնական տվյալները, առանց հավելյալ ստուգման։ Այլ լրատվամիջոցներից ներկայացված տվյալները համադրվում են կողմերի՝ պաշտոնապես ներկայացված տեղեկությունների հետ, նոր միայն հրապարակվում են: