կարևոր
4504 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-03 11:34

Բանակի կազմավորման 30-ամյակի տոնին հատկացվեց 15 մլն դրամ, առանց մրցույթ՝ մեկ անձից գնման ձևով

Բանակի կազմավորման 30-ամյակի տոնին հատկացվեց 15 մլն դրամ, առանց մրցույթ՝ մեկ անձից գնման ձևով

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվել է որոշում` Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման ծախսերի վերաբերյալ։ Նիստի օրակարգում ընդգրկված 20-րդ հարցով Պաշտպանության նախարարության առաջարկոով տոնական միջոցառումները կարժենան ընդհանուր 15 մլն դրամ, ընդ որում` դրանից ավելի քան 13 մլն–ը կծախսվի «Դվին» հյուրանոցի մեծ դահլիճում հյուրասիրություն կազմակերպելու վրա։

Որոշման նախագծի համաձայն` հյուրասիրությանը կմասնակցի 800 մարդ, որոնցից յուրաքանչյուրի ծախսը գնահատվել է 16 653 դրամ։

Մնացած 4-5 մլն դրամով կտպագրվեն պաստառներ, որոնք կտեղադրվեն Երևանում ու մարզերում, ինչպես նաև մայրուղիներում, կպատրաստվեն մետաղյա կրծքանշաններ։

Ընդ որում, այս բոլոր ծախսերը կկատարվեն մեկ անձից գնման ձևով` առանց գնման մրցույթ հայտարարելու։

«Նկատի ունենալով ժամկետների սղությունը, ինչպես նաև ծառայությունների մատուցման հնարավոր խափանումներից խուսափելու անհրաժեշտությունը, նախատեսվում է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից»,– ասված է նախագծում:

Նշվում է նաև, որ վերոհիշյալ 15 մլն դրամից 10.3 մլն–ը կտրամադրվի մայիսի 9-ին նվիրված միջոցառումների համար բյուջեով նախատեսված ծախսերի կրճատման հաշվին:

Հիշեցնենք, որ Հայոց բանակի կազմավորմանը նվիրված միջոցառումները 2022թ–ի հունվարի 28-ին չեղարկվել էր, սակայն հետագայում դրա կազմակերպման վերաբերյալ որոշում է կայացվել։