Ռուս գործարար Ռոման Աբրամովիչն հայտարարեց իրեն պատկանող անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը վաճառելու մասին։
«Խնդրում եմ, իմացեք, որ սա աներևակայելի դժվար որոշում էր, և ինձ ցավ է պատճառում այս կերպ բաժանվել ակումբից: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ դա բխում է ակումբի լավագույն շահերից:
Հուսով եմ, որ կկարողանամ վերջին անգամ այցելել «Սթեմֆորդ Բրիջ»՝ բոլորին անձամբ հրաժեշտ տալու: «Չելսի» ֆուտբոլային ակումբն ու նրա երկրպագուներն ընդմիշտ կլինեն իմ սրտում»,- ասել է Աբրամովիչը։
Այս պահին գործարքի մանրամասները հայտնի չեն։
Փետրվարի 26-ին նա ակումբի կառավարումը հանձնել էր լոնդոնյան թիմի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին՝ կապված Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի կիրառած պատժամիջոցների հետ։
Ռուսաստանցի գործարարը «Չելսիի» վաճառքից ակնկալում է 4,8 միլիարդ եվրո, հաղորդում է The Telegraph-ը։ Հնարավոր ներդրողների հետ բանակցություններում միջնորդ կլինի ամերիկյան Raine բանկը։
Աբրամովիչը «Չելսին» գնել էր 2003 թվականին անգլիացի Քեն Բեյթսից 140 միլիոն ֆունտով։ 2012 թվականին լոնդոնյան ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթել էր Չեմպիոնների լիգան, իսկ արդեն 2021 թվականին` կրկնել հաջողությունը՝ դառնալով Եվրոպայի լավագույն ակումբը։
Աբրամովիչի օրոք «Չելսին» հինգ անգամ հաղթել է Պրեմիեր լիգան, հինգ անգամ՝ Անգլիայի գավաթը, երկու անգամ՝ Եվրոպա լիգան (2013 և 2019 թվականներին)։