Ով ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես էտ մարդկանց հետ մատով եմ խոսելու ու մատով եմ խոսացել։ Խորհրդարանում Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցից: Պատգամավորը Նիկոլ Փաշինյանին հարցրեց, որ հացահատիկի պաշարների 75 տոկոսը հանձնել են թշնամուն, ինչ քայլեր են անում հացահատիկի խնդիրը լուծելու համար՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով առաջացած իրավիճակը:
«Մասնավորապես, հացահատիկի մասով ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, քանի որ Արցախի շուրջ 75 տոկոսը հանձնեցիք թշնամուն, նաև թշնամու դաշտում թողեցիք հացահատիկի պաշարները։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարում, ՀՀ քաղաքացու անվտանգությունն այս մասով գոնե մշակո՞ւմ եք, թե նորից ասելու եք՝ դուք համար մեկ պատասխանատուն եք, բայց համար մեկ մեղավորը չեք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը մեղադրեց Արցախը հանձնելու մեջ: Նա պահանջեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից պաշտոնական դիրքորոշում հայտնել՝ «Սանասար է՞, թե Կուբաթլու»։
«Եթե պաշտոնապես չհաստատեք, որ Սանասար է, ոչ թե Կուբաթլու ուրեմն հայրենիքի դավաճանության հոդվածով ձեր երկու լիդերների նկատմամբ պետք է քրգործ հարուցվի: Հերիք է գաք այստեղ ու կոկորդիլոսի արցունքներ թափեք: Ով ինձ ասի հող եմ հանձնել ես այդ մարդկանց հետ մատով եմ խոսելու:
Կամ Սյունիքի մասին խոսողները։ Հենա գլուխները կախ ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին, 15 միլիարդ էլ վճարեցին պետական բյուջե»,- հունից դուրս գալով՝ ասաց Փաշինյանը, այդպես էլ չպատասխանելով բնակչության սոցիալական խնդիրները լուծելուն վերաբերող հարցին:
Արձագանքելով Փաշինյանի գոռգոռոցներին ու մեղադրանքներին՝ Հռիփսիմե Ստամբուլյանն ասաց.
«Ես Ձեզ մի անգամ էլ եմ զգուշացրել, երբ գալիս եք այստեղ, նկատի ունեցեք, որ դուք գործադիր եք և իրավունք չունեք մատ թափ տալով ու բղավելով պատասխանել այն հարցերին, որոնք բարձրաձայնվում են։ Ձեր ձայնի տոնայնությունը մի բարձրացրեք, նորից եմ կրկնում, Դուք գործադիր եք»։ Ընդդիմադիր պատգամավորը կրկնեց հարցը՝ ի՞նչ է անելու Հայաստանի կառավարությունը հացահատիկային հնարավոր խնդիրը լուծելու համար։
«Այն, որ դուք օրենսդիր եք, չի նշանակում, տակից-գլխից կարող եք ամեն ինչ խոսալ։ Ով որ ինձ ասի ես հող եմ հանձնել, ես էդ մարդկանց հետ մատով եմ խոսալու, մատով եմ խոսացել»,-բղավեց Փաշինյանն ու մատը թափահարեց օդում։ Նիկոլ Փաշինյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և հիշեցրեց, որ գործող իշխանության օրոք է եղել Արցախի կորուստ:
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին պատասխանեց Օհանյանին.
«Ձեր ղեկավարության ժամանակ ի՞նչ է եղել, եթե Սանասար էր, ինչու էիք հանձնել, Մադրիդյան սկզբունքներում դուք եք գրել, դուք եք եղել ՊՆ նախարար, ձեր չափը ճանաչեք հերիք եղավ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մատ թափ կտա, պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտա։
Փաշինյանը հեռացավ ամբիոնի մոտից, իսկ ընդդիմությունը շարունակեց տեղից արձագանքել։ Նիստը վարող Հակոբ Արշակյանը հորդորեց տեղից չարձագանքել։ Նա նաև նախազգուշացում տվեց Սեյրան Օհանյանին։
Արշակյանը պահանջեց տեղից չարձագանքել, ինչից հետո ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին նախազգուշացում տվեց։ Դրանից հետո կրքերը լարվեցին նաև ՔՊ խմբակցությունում։ Արշակյանը սկսեց լռություն պահանջել նաև իշխանական պատգամավորներից։
Կրքերն ավելի լարվեցին, Արշակյանը պահանջեց պիտակավորումներից, ոչ կոռեկտ հայտարարություններից զերծ մնալ։ Սակայն դրանից հետո էլ կրքերը չհանդարտվեցին։ Արշակյանը Գեղամ Նազարյանին զրկեց հարց տալու իրավունքից, ապա նաև դուրս հրավիրեց դահլիճից։
Արշակյանը ձայնի իրավունքից զրկելու մասին զգուշացրեց նաև Արամ Վարդևանյանին, ապա նաև զրկեց։
«Դավաճան» բացականչելով, և, Փաշինյանին ի պատասխան, մատ թափ տալով՝ ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը։ Հայկ Մամիջանյանը, ԱԺ նախագահության կողքով անցնելիս, անմիջապես ամբիոնի մոտ, բարձրաձայնեց. «Ես չեմ թույլ տա, որ քո պես դավաճաններն Արցախի հերոսներին դավաճան անվանեն»:
Հարցուպաատսխանի նիստը հայտարարվեց փակված: