կարևոր
3322 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-02 17:37

Մենք զոհել ենք մեր տղաներին ապազգային իշխանության օրոք. Ես` որպես մարդ, իրավունք ունեմ պոռթկալու. Հրաչ Ջաբրայան

«Ես` որպես մարդ, իրավունք ունեմ պոռթկալու: Գիտե՞ք, ես վայելել եմ կյանքի ամեն բարիքները աշխարհում, Եվրոպայի բոլոր երկրները, Հարավային Ամերիկա, Աֆրիկա, 60 երկրներից ավելի ես իմ հարստությունը վայելել եմ, բայց այսօր ես չեմ կարողանում իմ հայրենիքը վայելել, որովհետև մենք զոհել ենք մեր տղաներին ապազգային իշխանության օրոք։ Եվ իմ պոռթկումը եղել է սրա վրա»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում կայացած այսօրվա նիստին ասաց կանադահայ գործարար, ՀՅԴ անդամ, բարերար Հրաչ Ջաբրայանը, որին մեղադրանք է առաջադրվել ֆեյսբուքով իբրև ահաբեկող կոչեր անելու համար:  

Որպես Սփյուռքում ծնված հայ, ասաց նա, որ չի ունեցել այն առավելությունը, որ մյուսներն ունեցել են՝ ծնվելու հայրենիքի մեջ, ապրելու հայրենիքի մեջ և վայելելու հայրենիքի բարիքները, մեզ Սփյուռքում դաստիարակել են ապրել հայրենիքով։

«Իմ եղբայրը, որ հոկտեմբերի 6-ին զոհվեց Արցախում, մի շատ հետաքրքրական խոսք ուներ՝ «մենք հայրենիքում չենք ծնվել, բայց հայրենիքը մեր մեջ է ծնվել»։ Շատ դժվար է հայաստանցու համար սփյուռքահայի հայրենասիրությունը հասկանալ։ Մեզ համար հայրենիքը լոկ ապրելու տեղ չէ, մեզ համար հայրենիքը սրբություն է, այնտեղ, որտեղ միայն պետք է ապրի ազգայինը, որ պաշտպանում է ազգային շահերը ամբողջովին՝ ֆիզիկական, սոցիալական, սոցիալ-տնտեսական, թե երկրի սահմաներին վերաբերող»,-ասաց Հրաչ Ջաբրայանը։

Նա նշեց, որ իր առաջին այցը հայրենիք կատարել է 1991 թ-ին, երբ 17 տարեկան էր։

«Ես հայրենիք եկել եմ՝ ծառայելու ազգիս, առանց իմանալու՝ հայրենիքը ինչ է։ Ես երբեք չեմ հետաքրքրվել՝ ով է եղել հայրենի իշխանությունը, ով է եղել նախագահ, չնայած դեռ Սովետական Հայաստան էր այն ժամանակ, բայց ես եկել եմ կանգնելու իմ ժողովրդի կողքին։ Ես 1991 թ-ից՝ արդեն 31 տարի, կանգնել եմ Հայաստանի ժողովրդի կողքին։ Որպես բիզնեսմեն ես 226 միլիոն դոլար ներդրում եմ բերել Հայաստան։ Իսկ որպես անհատ ես 12 միլիոն դոլար ներդրում եմ արել Արցախում և հայրենիքում։ Եվ ես այսօր այդ բոլորը կորցրել եմ։ Կորցրել եմ եղբորս և Վարնկաթաղի դիրքերում, կորցրել եմ իմ 22 ընկերներին»,-ասաց Հրաչ Ջաբրայանը։

Նա նշեց, որ իրեն հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ է նեղված։ «Գիտե՞ք, ես վայելել եմ կյանքի ամեն բարիքները աշխարհում, Եվրոպայի բոլոր երկրները, Հարավային Ամերիկա, Աֆրիկա, 60 երկրներից ավելի ես իմ հարստությունը վայելել եմ, բայց այսօր ես չեմ կարողանում իմ հայրենիքը վայելել, որովհետև մենք զոհել ենք մեր տղաներին ապազգային իշխանության օրոք։ Եվ իմ պոռթկումը եղել է սրա վրա»,-բացատրեց Հրաչ Ջաբրայանը։

Նշենք, որ կանադահայ գործարար, ՀՅԴ անդամ, բարերար Հրաչ Ջաբրայանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե բռնություն գործադրելու կոչեր պարունակող ֆեյսբուքյան գրառման համար, որը նշում էր․ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին»։ Նա որևէ անուն չի նշել, բայց հասցեատեր, փաստորեն, գտնվել է:

Հրաչ Ջաբրայանը, երբ դիմել է կացության իրավունք ստանալու համար՝ վարչապետի աշխատակազմը մերժել է, միևնույն ժամանակ չի թողնում, որ երկրից դուրս գա։