կարևոր
3454 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-02 17:21

Թուրք բանագնացի հետ հանդիպումը դրական էր, Անթալիայի ֆորումին մասնակցելը դեռ չեն որոշել. Արարատ Միրզոյան

Թուրք բանագնացի հետ հանդիպումը դրական էր, Անթալիայի ֆորումին մասնակցելը դեռ չեն որոշել. Արարատ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դրական է գնահատում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը։ 

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին Արարատ Միրզոյանը նշեց, որ այս հանդիպումը շատ ավելի կոնկրետ է եղել, քան՝ առաջինը: 

«Բայց միևնույն ժամանակ բոլորս հասկանում ենք, որ նույնիսկ երկրորդ հանդիպման համար շատ շոշափելի արդյունքներ դժվար է ակնկալել»։ Թե որտեղ ու երբ կկայանա երրորդ հանդիպումը, այդ մասով որևէ որոշում չկա։

Անթալիայի ֆորումին մասնակցելու վերաբերյալ դեռ որոշում չկա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը: «Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում: Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների»,- նշված է ՀՀ արտգործանախարարության տարածած հաղորդագրության մեջ: Արարատ Միրզոյանի նշած կոնկրետ հարցերի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Անթալիայի ֆորումին մասնակցելու վերաբերյալ դեռևս մեկ ամիս առաջ Միրզոյանը հայտարարել էր, որ խնդիր չի տեսնում. «ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև, կարծում եմ, որ, նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի», ասել էր ՀՀ արտգործնախարարը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսին հայտարարել էր, թե հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը։

Նշենք, որ Անթալիայի, այսպես կոչված, դիվանագիտական ֆորումը բացառապես թուրքական պրոեկտ է, որը հիմնադրվել է Էրդողանի կողմից։ Այդ ֆորումի առաջին հավաքը տեղի է ունեցել անցյալ տարի: Մասնակիցների ճնշող մեծամասնությունը թուրքալեզու պետությունների կազմակերպության պետությունների ներկայացուցիչներ էին և/կամ եվրոպական և ամերիկյան ինչ-որ ժամանակի դիվանագետներ, որոնք անթաքույց թուրքական լոբբիի ներկայացուցիչներ են։ Օրինակ, անցյալ տարվա Ֆորումին մասնակցել է տխրահռչակ Մեթյու Բրայզան, որը 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո զբաղված էր Թուրքիայի շահերի պաշտպանությամբ։ Ֆորումի մասնակիցների՝ թե՛ անցյալ տարվա, թե՛ այս տարվա ճնշող մեծամասնությունը մեծ բերկրանք է ապրել 44-օրյա պատերազմի արդյունքներով, պաշտոնական շնորհավորանքներ հղել Ալիևին։ Ֆորումը նախաձեռնել և ստեղծել է անձմաբ Էրդողանը։ Ֆորումն ամեն ինչ կարելի է անվանել, բայց ոչ՝ միջազգային. այն մաքուր պրոթուրքական և միջթուրքական ֆորում է: