Ազգային ժողովում մեկնարկել է նախագահի ընտրության քվեարկությունը։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ քվեարկությունը կտևի մինչև ժամը 16։00-ն։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի է թեկնածու է առաջադրել Վահագն Խաչատուրյանին, որը ներկայումս զբաղեցնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։
Առաջին փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Անհրաժեշտ ձայների թիվը, ներկայիս 107 պատգամավորի դեպքում, կազմում է 80,25 ձայն, սակայն ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է: Սահմանադրությամբ նախատեսվում է ևս 2 փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է համապատասխանաբար 65 և 54 ձայն։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում քվեարկությանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր քննարկվում էր ՀՀ նախագահի ընտրության հարցը: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակությունները, ինչպես և նախապես հայտնել էին, մարտի 2-ին նիստում բոյկոտեցին նախագահի ընտրության հարցով քննարկումը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։ Նա միակ թեկնածուն է։ 1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականն էր: 2019 թ.-ից մինչ նախարար դառնալը գործարար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Խաչիկ Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ էր: 2021 թ. օգոստոսի 4-ին նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
Ազգային ժողովում Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց միակ թեկնածու Վահագն Խաչատուրյանից՝ «դուք ի վերջո պատրասում եք լինել միա՞յն մեր նախագահը, թե՞ Հայաստանի բոլոր քաղաքացիների»։
«Համոզված եմ, որ դուք չեք ուզում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը։ Դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը»,- արձագանքեց Խաչատուրյանը՝ հիշեցնելով, որ Սահմանադրությամբ ինքը պարտավոր է լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների և «մի բան էլ ավելի» նախագահ։