կարևոր
4099 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-02 15:14

Վահագն Խաչատուրյանը չի կարողանալու անաչառություն դրսևորել. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ նախագահը պետք է վերկուսակցական անձնավորություն լինի, սակայն այսօրվա թեկնածուն կուսակցության անդամ էր: Ազգային ժողովում ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնում ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի առաջադրմանը:

«ՀՀ նախագահը պետք է լինի նաև հավասարակշռող անձնավորություն, համախմբող, չպետք է մոռանանք, որ մեր Սահմանադրությամբ՝ ՀՀ գլուխը նախագահն է: Սակայա միշտ այսօրվա ղեկավարությունը ոչ թե գործով, այլ ավելի շատ ցուցադրական կերպով փորձել է ցույց տալ, որ ինքն է ավելի կարևոր, քան իշխանության մնացած բոլոր թևերը»:

Սեյրան Օհանյանի հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը մարնամասն քննարկել է նախագահի ընտրություններին մասնակցելու հարցը և միասնական որոշում է կայացրել չմասնակցել այդ ընտրություններին, «Ըստ էության՝ կարելի է ասել այսօրվա կառավարության ղեկավարը կառավարության նիստում նշանակեց հանրապետության նախագահին։ Գումարած դրան, հաշվի առնելով այդ վերկուսակցական լինելը, ՀՀ նախագահը պետք է լինի հավասարակշռող, համախմբող անձնավորություն: Վահագն Խաչատուրյանը չի կարողանալու անաչառություն դրսևորել»,-ասաց Օհանյանը:

Օհանյանը հայտարարեց, որ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը չի կարողացել իրականացնել երկրի գլուխ լինելու իր իրավասությունը և հիշեց, որ 2020թ. մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում նա պետք է հարթակ բարձրանար վերջինը, որպես երկրի գլուխ, բայց նա կանգնած սպասել է վերջինը ժամանող Նիկոլ Փաշինյանին, միջոցառմանը պետական պարգևատրումը նույնպես ինքը պետք է իրականացներ, որը նույնպես արել է վարչապետը:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ դժվար է գտնել իրեն հարգող մի անձնավորության, որ ասի, թե գնում է նախագահի պաշտոնի համար պայքարելու, իմանալով, որ չի ընտրվելու և հավելեց, որ այդ անիմաստ գործընթացին ընդդիմության մասնակցությունը լեգիտիմացնելու էր ընտրությունը, իսկ հետագայում ընդդիմության մասնակցությունը միջազգային հարթակներում ներկայացվելու էր որպես ժողովրդավարության ձեռքբերում:

Անդրադառնալով  ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց. «Մանդատների վայր դնելը կախված է ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության և մեր համակիրների համադրված աշխատանքի արդյունքից, եթե այդ արդյունքը մեզ ցույց տա, որ պետք է համապատասխան քայլի գնանք, ապա կգնանք»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝  ընդդիմության միակ որոշումը մեկն է՝ շարունակել խորհրդարանական գործունեությունը՝ արտաքին հարաբերության և անվտանգության հարցերով առաջարկություններ ներկայացնելով, մյուս կողմից էլ դիմադրության շարժում սկսել խորհրդարանից դուրս:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը դիմադրության շարժում իրականացնելիս աշխատելու է ոչ միայն «Հայաստան» դաշինքի համակիրների հետ, այլ ամբողջ ժողովրդի հետ, որոնց մի մասը կարող են իրենց կարծիքը փոխել:

Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակությունները, ինչպես և նախապես հայտնել էին, մարտի 2-ին նիստում բոյկոտեցին նախագահի ընտրության հարցով քննարկումը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։ Նա միակ թեկնածուն է։ 1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականն էր: 2019 թ.-ից մինչ նախարար դառնալը գործարար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Խաչիկ Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ էր: 2021 թ. օգոստոսի 4-ին նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

Հիշեցնենք, որ առաջին փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Անհրաժեշտ ձայների թիվը, ներկայիս 107 պատգամավորի դեպքում, կազմում է 80,25 ձայն, սակայն ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է: