«Այսօր ԱԺ-ում չի ընտրվում ՀՀ նախագահ, այլ ընտրվում է ՔՊ կուսակցության նախագահ»,- ԱԺ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Պատգամավորը նշեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հստակ դիրքորոշում են հայտնել, որ չեն մասնակցելու ՀՀ նախագահի ընտրության այս գործընթացին, քանի որ այն ի սկզբանե սկսվել էր այնպիսի խախտումներով, Սահմանադրության տառին և ձևին այնպիսի հակասություններով, որ դրան որևէ ձևով մասնակցությունը կլիներ անտրամաբանական:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես պետք է այս իշխանության թեկնածուն նախագահի լիազորություները կատարի, երբ քաղաքական թիմի, կառավարության անդամ է, մասնակցել է կառավարության նիստերին, որտեղ քննարկվել են օրինագծեր, որոնք հետագայում ճանաչվել են Սահմանադրությանն հակասող ու անվավեր, մի մասն էլ հասել է ԱԺ և հետ է կանչվել, բայց Վահագն Խաչատուրյանն այդ բոլոր օրինագծերին կողմ է քվեարկել»:
Արամ Վարդևանյանը հայտնեց, որ ՀՀ նախագահի ընտրության գործընթացին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում, այլ այդ ընթացքում նախապատրաստում են ճանապարհատրանսպորտային տուգանքների բալային համակարգի և այլ օենքների մասով ՍԴ դիմելու նախագծեր, ինչպես նաև մշակում են այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակությունները, ինչպես և նախապես հայտնել էին, բոյկոտեցին նախագահի ընտրության հարցով ԱԺ քննարկումը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։ Նա միակ թեկնածուն է։ 1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականն էր: 2019 թ.-ից մինչ նախարար դառնալը գործարար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Խաչիկ Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ էր: 2021 թ. օգոստոսի 4-ին նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
Առաջին փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Անհրաժեշտ ձայների թիվը, ներկայիս 107 պատգամավորի դեպքում, կազմում է 80,25 ձայն, սակայն ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է: Ըստ Սահմանադրության, եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է նախագահի նոր ընտրություն` նույն փուլերով։
Երկրորդ փուլում արդեն ընտրված է համարվում ձայների երեք հինգերորդը ստացած թեկնածուն։ Երրորդ փուլին արդեն կարող է մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուն: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների կեսից ավելին
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակայնորեն հրաժարական է տվել` պատճառաբանելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։ Այսօր երկրի նախագահի լիազորություններն անցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, մինչ նոր նախագահի ընտրությունները: