կարևոր
2719 դիտում, 3 ամիս առաջ - 2022-03-02 13:03

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Արցախյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր. փետրվար 2022թ.        

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնախումբը շարունակել է աշխատանքներ իրականացնել Թուրքիային և Ադրբեջանին հատկացվող ամերիկյան ռազմական օժանդակությունը վերացնելու և նորարարական զինտեխնիկայի մատակարարումները կանխելու ուղղությամբ։ Այս աշխատանքների շրջանակում, ավելի քան 50 կոնգրեսականներից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին և հունական հարցերով հանձնախմբի համանախագահ Գուս Բիլիրակիսին՝ ԱՄՆ պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջելով արգելափակել չորրորդ սերնդի F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային։ Համապատասխան գրությունը ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներին է փոխանցվել փետրվարի 4-ին։

Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի ջանքերի արդյունքում փետրվարի 10-ին Կալիֆոռնիայի նահանգային Սենատն ընդունել է բանաձև, որով Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև հաստատվում են նահանգային-մարզային համագործակցության հարաբերություններ։ Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի 62 անդամ հանդես է եկել որպես հիշյալ բանաձևի համահեղինակ։

 Ընդունված բանաձևով Կալիֆոռնիան համերաշխություն է հայտնում ՀՀ Սյունիքի մարզին, դրանով նաև ենթադրվում է իրականացնել երկուստեք փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումներ։

Հայ դատի Ամերիկայի գրասենյակը հրապարակված տեսանյութով խստորեն դատապարտել է հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Մորգան Ֆրիմանին՝ թուրքական ավիաընկերության գովազդում նկարվելու համար։ Ֆրիմանի ու թուրքական ընկերության միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել համատեղ տեսանյութ հրապարակելու հարցում: Հայ դшտի Ամերիկայի հանձնախումբը հրապարակելով խնդրո առարկա տեսանյութը՝ միաժամանակ հիշեցրել է, որ ամերիկացի մեկ այլ դերասան Ջորջ Քլունին մերժել էր թուրքական ավիաընկերության առաջարկը՝ չեղարկելով թուրքական ավիաընկերության հետ 35 միլիոն դոլար արժողությամբ գործարքը։ Ամերիկյան հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում Քլունին նշել էր, որ առաջարկ ստանալով, խորհրդակցել է կնոջ՝ Ամալ Քլունիի հետ, և նրանք համատեղ որոշում էին կայացրել հրաժարվել գործարքից։

Փետրվարի վերջին, Սումգայիթյան եղեռնագործության հերթական տարելիցի առթիվ, անմեղ զոհերի ոգեկոչմամբ ու կատաված վայրագությունների դատապարտմամբ հանդես են եկել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը և Ֆրենք Փալոնը։

Եվրոպա

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համատեղ նախաձեռնության և ջանքերի արդյունքում փետրվարի 7-10-ը տեղի ունեցավ ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը Բրյուսել։

Այցի ընթացքում վերակազմվեց Եվրոպական Խորհրդարանում  Արցախի հետ բարեկամության խումբը՝ գլխավոր քաղաքական խմբակցություններից պատգամավորների լայն շրջանակի մասնակցությամբ։ Եվրապատգամավորներին հանգամանորեն ներկայացվեց 2020 թ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքանությունը, որի հիմքում տասնամյակներով Ադրբեջանում պետական հովանավորչությամբ քարոզվող և խորապես արմատացած հայատյացությունն է։

Եվրոպական Խորհրդարանի (ԵԽ)  լիագումար նիստը փետրվարի 16-ին հաստատեց  ԵՄ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» տարեկան զեկույցը, որը դեռևս 2021-ի դեկտեմբերի 20-ին ընդունել էր ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթները ԵԽ բանաձևում, ըստ էության, մնացին անփոփոխ։ Եվրախորհրդարանը հաստատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ֆորմատը՝  ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և խնդրի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա։ ԵԽ-ն կոչ է անում Մինսկի խմբին անհապաղ և կրկին ստանձնել միջնորդի իր դերը։ Եվրախորհրդարանը նաև հորդորում է ԵՄ գործադիր մարմիններին՝ մասնավորապես Բարձր ներկայացուցչին, և ԵՄ անդամ-պետություններին ակտիվորեն ներգրավվել ԼՂ հիմախնդրի շուրջ տևական լուծում գտնելու գործում։ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը շարունակում է ԵԽ պատգամավորների և քաղաքական շրջանակների իրազեկման աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության պետական շահի։

Ավստրալիա

Փետրվարի 19-ին կայացել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ամենամյա գալա ընթրիքը՝ ավստրալացի հայտնի քաղաքական ու պետական գործիչների, նահանգային և դաշնային բարձրաստիճան խորհրդարանականների, Ավստրալիայում հավատարմագրված դիվանագետների, մտավորական և լրագրողական շրջանակների մասնակցությամբ։ Գալա ընթրիքի ընթացքում Ավստրալիայում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված՝ Հայ դատի Ավստրալիայի գրասենյակի աշխատանքների համար հանգանակվել է շուրջ 170․000 ԱՄՆ դոլար։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի մասնակցությամբ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 21-ին հեռավար հանդիպում է անցկացրել Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ավստրալացի համանախագահներ Թրենթ Զիմերմանի և Ջոել Ֆիցգիբոնի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Հայ դատի Ավստրալիայի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը և գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայել Գոլոգոսյանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երախտագիտություն է հայտնել ավստրալացի խորհրդարանականներին հայ-ավստրալական կապերի զարգացման համար` նշելով, որ պատրաստակամ է ներդնել հավելյալ ջանքեր` եղած կապերը զարգացնելու եւ դրանց նոր որակ հաղորդելու համար: ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ` այդ հարցում ընդգծելով Հարավային Ավստրալիա և Նոր Հարավային Ուելս նահանգների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:

Կանադա

Հայ դատի Կանադայի հանձնախումբը ողջունել է Գերմանիայում Կանադայի դեսպան Ստեփան Դիոնի այցը Հայաստան, որպես հատուկ բանագնաց, ում պարտականությունն է ուսումնասիրել, թե Կանադան ինչպես կարող է նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը։ Փետրվարի 25-ին  ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Կիրո Մանոյանը և Րաֆֆի Տոնապետյանը Երևանում հանդիպել են Դիոնի հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Հայ դատի հանձնախումբը հետևողականորեն նպաստելու է հայ-կանադական հարաբերությունների զարգացմանը և այդ համատեքստում Հայաստանում Կանադայի դեսպանության հաստատմանը։

Հունաստան

ՀՅԴ Հայ դա­տի Հու­նաս­տա­նի­ հանձ­նա­խում­բը փետրվարի 11-ին բաց նա­մակ է ու­ղար­կել ԵԱՀԿ-ում Հու­նաս­տա­նի պատգամավորական պա­տվի­րա­կու­թյան ան­դամ­նե­րին՝ դատապարտե­լով Ադրբեջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի սպառ­նա­լիք­նե­րը ­Հա­յաս­տա­նի դեմ և կոչ ու­ղղե­լով ԵԱՀԿ-ին՝ մի­ջազ­գա­յին պատասխանատվության են­թար­կելով Ադրբեջանն ու դրա նախագահին։

Լիբանան

ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինն իր արտաքին հարաբերական աշխատանքների շրջանակում փետրվարի 9-ին Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանության վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկել Լիբանանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների, իսկ փետրվարի 16-ին հայտարարությամբ ողջունել են ՅՈւՆԵՍԿՈ-ի ներկայացուցչի հայտարարությունը, որ վերաբերում էր Ադրբեջանի մշակույթի նախարարի այն հայտարարությանը, ըստ որի ադրբեջանական կողմը ձևավորել է «տեղացի և օտարերկրացի մասնագետներից կազմված՝ աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված «աղվանական տաճարներից» ջնջել «հայերի թողած կեղծ արձանագրությունները»: ՅՈւՆԵՍԿՈ-ի ներկայացուցիչը նկատել էր, որ «մշակութային ժառանգությունը և պատմությունը չպետք գործիք դառնան քաղաքական որևէ նպատակի համար: Մենք ամբողջ աշխարհում մեր անդամ պետություններին կոչ ենք անում հարգել այս սկզբունքը»։

Սիրիա

Փետրվարի 14-ին հայտարարություն է տարածել Հայ դատի Սիրիայի հանձնախումբը՝ դատապարտելով հայկական սրբատեղիների և պատմամշակութային կոթողների պատկանելիության նենգափոխմանն ուղղված ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը։ Հանձնախումբը նկատել է որ մշակութային և կրոնական կոթողների և սրբատեղիների ոչնչացումն ու սրբապղծումը ոտնձգություն են ժողովուրդների արժանապատվության նկատմամբ, իսկ Ադրբեջանի նպատակն է մեկնդմիշտ խափանել պատմական փորձություններին դիմակայելու և զարգանալու՝ հայ ազգի կարողությունը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

02.032022 թ.