16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակությունները, ինչպես և նախապես հայտնել էին, մարտի 2-ին նիստում բոյկոտեցին նախագահի ընտրության հարցով քննարկումը։ Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը՝ այդպիսով արտահայտելով իրենց վերաբերմունքը տեղի ունեցողի հանդեպ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։ Նա միակ թեկնածուն է։ 1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականն էր: 2019 թ.-ից մինչ նախարար դառնալը գործարար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Խաչիկ Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ էր: 2021 թ. օգոստոսի 4-ին նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
Հիշեցնենք, որ առաջին փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Անհրաժեշտ ձայների թիվը, ներկայիս 107 պատգամավորի դեպքում, կազմում է 80,25 ձայն, սակայն ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է:
Ըստ Սահմանադրության, եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է նախագահի նոր ընտրություն` նույն փուլերով։
Երկրորդ փուլում արդեն ընտրված է համարվում ձայների երեք հինգերորդը ստացած թեկնածուն։ Երրորդ փուլին արդեն կարող է մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուն: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների կեսից ավելին
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակայնորեն հրաժարական է տվել` պատճառաբանելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Այսօր երկրի նախագահի լիազորություններն անցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, մինչ նոր նախագահի ընտրությունները: