ԱՄՆ իշխանությունները փակում են երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, Վաշինգտոնը և նրա դաշնակիցները, անհրաժեշտության դեպքում, կարող են նավթի լրացուցիչ ծավալներ բաց թողնել ռազմավարական պաշարներից, իսկ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծում՝ «հետաքննելու ռուս օլիգարխների հանցագործությունները»:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև։
Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ «Ամերիկան ուկրաինացիների կողքին է», բայց, միևնույն ժամանակ, կրկնել է, որ ԱՄՆ զինուժը «չի ներգրավվի Ուկրաինայում ռուսական ուժերի հետ հակամարտության մեջ»։
Երկինքը փակելու մասին
ԱՄՆ իշխանությունները փակում են երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. «Ես հայտարարում եմ, որ մենք միանում ենք մեր դաշնակիցներին՝ փակելով ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար»։ ԱՄՆ-ի օդային տարածքում ռուսական ինքնաթիռների թռիչքների արգելքն ուժի մեջ կմտնի մարտի երկուսին՝ օրվա վերջ: Ասվում է ԱՄՆ տրանսպորտի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, արգելքը կտարածվի բոլոր օդանավերի վրա, որոնք պատկանում են, հավաստագրված են, շահագործվում են, գրանցված են, վարձակալված են կամ վերահսկվում են Ռուսաստանի կամ Ռուսաստանի քաղաքացիների կողմից: Դա ներառում է մարդատար և բեռնափոխադրող, կանոնավոր և չարտերային թռիչքներ իրականացնող ինքնաթիռները:
Նավթի մասին
Վաշինգտոնը և նրա դաշնակիցները, անհրաժեշտության դեպքում, նավթի լրացուցիչ ծավալներ բաց կթողնեն ռազմավարական պաշարներից։ «Այսօր ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ը 30 երկրների հետ ողջ աշխարհի պահուստներից դուրս է բերում 60 մլն բարել նավթ, առավել շատ՝ Ամերիկան՝ արձակելով 30 մլն բարել նավթի մեր ռազմավարական պահուստից։ Եվ մենք պատրաստ ենք մեր դաշնակիցների հետ անել ավելին, եթե անհրաժեշտ լինի»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը»:
Ուկրաինային աջակցության մասին
ԱՄՆ-ն «ուկրաինացիների կողքին է» և հիացած է նրանց «անվախությամբ»։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի զինուժը «չի մասնակցում և չի էլ պատրաստվում մասնակցել ռազմական գործողություններին», այլ գնում է Եվրոպա՝ «պաշտպանելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին այն դեպքում, երբ Պուտինը որոշի ավելի հեռուն գնալ դեպի Արևմուտք»:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
Միացյալ Նահանգները «իր դաշնակիցների հետ կիրառում է հզոր տնտեսական պատժամիջոցներ»՝ «կտրելով ռուսական խոշորագույն բանկերը միջազգային ֆինանսական համակարգից», «կտրելով» Ռուսաստանին տեխնոլոգիաների հասանելիությունից, որը կծառայի նրա տնտեսական հնարավորությունները սպառելուն և թուլացնելու նրա զինված ուժերը:
Բացի այդ, իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու ամերիկյան բիզնեսը և ամերիկացի սպառողներին այդ պատժամիջոցների հնարավոր ազդեցությունից։
Միասնության մասին
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները «թուլացնում են Ռուսաստանին, իսկ մնացած աշխարհն ավելի ուժեղ են դարձնում»։
«Մենք տեսնում ենք երկրների առաջնորդների միասնությունը, ավելի միասնական Եվրոպան և ավելի միասնական Արևմուտքը»: