29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի միջնորդությունը թույլ տալ բացակայել ՀՀ տարածքից։ Հիշեցնենք, որ Գևորգյանը տեղեկացրել է դատարանին, որ մարտի 14-15-ին տեղի են ունենալու Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի արտահերթ լիագումար նիստեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։
Գևորգյանը խնդրել է դատավորին, հերթական դատական նիստը նշանակելիս, հաշվի առնել որ այդ օրերին նա մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին և չի կարող ներկայանալ դատարան։ Դատարանը գտավ, որ ընդդիմադիր պատգամավորը կարող է առցանց մասնակցել այդ նիստերին և թույլ չտվեց նրան մեկնել Ստրասբուրգ։
«Քանի որ միշտ իմ անցած ճանապարհով հարգանք եմ տածել պետական կառույցների նկատամբ, չէի ուզենա որևէ կերպ մեկնաբանել դատավորի գործողությունները՝ հաշվի առնելով, որ դրանք ինչ-որ տեղ իմաստազուրկ են, անհասկանալի, ապօրինի։ Այստեղ անադեկվատության լուրջ էլեմենտ եմ տեսնում, որովհետև անհասկանալի է այս ամենը։ Եթե դատավորը ինքը չի մտածում դատական իշխանության հեղինակության, վարկանիշի մասին, դրա հետ մեկտեղ փորձում է վարկաբեկել պետական այլ ինստիտուտներ, մասնավորապես՝ ԱԺ-ն , այս դեպքում դատական իշխանության ներկայացուցիչներն իրենք պետք է մտածեն, թե իրենց շարքերում ովքեր են աշխատում։ Ես այս պահի դրությամբ ԱԺ պատգամավոր եմ ԵԽԽՎ անդամ եմ, ունեմ սահմանադրական լիազորություններ, պարտականություններ»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման մասին։