կարևոր
3556 դիտում, 3 ամիս առաջ - 2022-03-01 18:22

Աննա Դանիբեկյանը որոշումը կհրապարակի վաղը

Աննա Դանիբեկյանը որոշումը կհրապարակի վաղը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօրվա նիստում որոշեց վերսկսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդության քննությունը։ Մի քանի ժամ տևած ընդմիջումից հետո դատարանը շարունակեց քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են՝ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանն ասել է, որ դատավարության շրջանակներում լրջագույն խնդիր է առաջանում, երբ որ ներկայացված մեղադրանքը կառուցված է որոշակի ընդհանրական ձևակերպումների հիման վրա։ Նախորդ նիստերին դատարանը հստակ արձանագրել է, որ  մեղադրանքի պարզաբանման գործիք չունի, առաջարկել է դա անել դատախազներին, բայց վերջիններս հրաժարվել են։ 

Օրբելյանը հիշեցրեց, որ մեղադրանքի պարզաբանված լինելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, և Սահմանադրությամբ ամրագրված է, որ պետք է լինեն նաև այդ իրավունքների իրացման կառուցակարգեր։ Հիշեցնենք, որ նախորդ նիստին, մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ պարզ չէ իրեն վերագրվող մեղադրանքի էությունը։ Քոչարյանը դատարանին խնդրեց պարզաբանել` ինչ են ուզում իրենից։

«Եթե դատարանը ցանկանում է իրացնել այդ իրավունքը, բայց չունի կառուցակարգ և արձանագրում է, որ դրա բացակայությունը խոչընդոտում է դատարանին, ուրեմն առկա է իրավունքի բաց։ Տվյալ դեպքում հարց է առաջանում՝ արդյոք Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է այն իրավիճակը, երբ դատարանը նման իրավունք չունի», - նշեց պաշտպանը։

Արամ Օրբելյանը նույնպես միացավ Հայկ Ալումյանի միջնորդությանը՝ պնդելով, որ դատարանը պետք է դիմի Բարձրագույն դատարան։ Պաշտպանն ավելացրեց, որ դատարանի համապատասխան որոշման դեպքում կարելի է նաև խնդրել ՍԴ-ին գործի քննությունն իրականացնել ավելի սեղմ ժամկետներում։

Հիշեցնենք, որ Ալումյանը միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։ 

Միջնորդության քննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին։