կարևոր
2050 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-01 14:31

Դատապարտում ենք նման անժողովրդավար և բնության շահերից չբխող գործելաոճը. Թեհմինե Ենոքյան

Դատապարտում ենք նման անժողովրդավար և բնության շահերից չբխող գործելաոճը. Թեհմինե Ենոքյան

Առանց որևէ քննարկման Շրջակա միջավայրի վրա ազդոցության գնահատման մասին օրինագծերի փաթեթեը հայտնվել է Կառավարության կայքում, որից հետո էլ կանցկացվի ԱԺ։ Շրջակա միջավայրի նախարարության հասարակական խորհրդի արդեն նախկին անդամ, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանն ահազանգում է, որ նախագծերն ուղղված չեն ոլորտի բարելավմանը, փորձագետների կողմից ներկայացված  բավականին ողջամիտ և որ կարևորն է, մասնագիտական բոլոր առաջարկներն անտեսվել են։

«Բոլորին կոչ ենք անում մտնել e-draft, գրանցվել և դեմ քվեարկել ՇՄԱԳ-ին վերաբերող փոփոխությունների անհեթեթ փաստաթղթին, իսկ թե ինչու անել այդպես՝ կարդացեք ստորև:

Հարգելի գործընկերներ և ընկերներ,  2020 թվականի օգոստոսից սկսած  կրկին փոխվեց Շրջակա միջավայրի նախարարը։ Այդ պաշտոնը ստանձնեց Ռոմանոս Պետրոսյանը, ով որոշ չափով մոտ էր ոլորտին, անգամ հայտարարել էր, որ բնապահպանների հետ գտնվում է «բարիկադի» միևնույն կողմում։  Ես և ինձ պես բնապահպանությամբ մտահոգ անձինք հայտ ներկայացրինք Շրջակա միջավայրի նախարարությանը կից գործող Հասարակական խորհրդի անդամ դառնալու համար։

Խորհրդում ունեցել ենք բնապահպանական խնդիրները բարձրաձայնելու և համայնքների ձայնը լսելի դարձնելու նպատակ:

Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման ժամանակ սկսվեց ՇՄԱԳ օրենքի նախագծի մշակման գործընթացը։ Ի սկզբանե նշել ենք, որ եթե իսկապես մեր առաջարկները հաշվի կառնվեն և կընդգրկվեն նախագծում, ապա հանուն հանրային և բնության շահի կհամագործակցենք, կանենք մեր առաջարկները։ Պատասխանը դրական է եղել, նշվել է, որ կլինեն քննարկումներ, ողջամիտ առաջարկները հաշվի կառնվեն։

Սակայն ՇՄԱԳ օրենքի փոփոխության նախագծի մեկնարկից շուրջ 6 ամիս անց էլ որևէ քննարկում չի կազմակերպվել սույն կարևոր օրենքի նախագծի շուրջ։ Անգամ նախարարների փոփոխությունը չբերեց դրական արդյունքի, ավելին, նոր նախարարի օրոք խորհրդի և ոչ մի հանդիպում չի եղել:

Հունվարին Ամուլսարի համար Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի՝ Արփայից ջուր վերցնելու լսումների ժամանակ ՇՄ նախարարության իրավաբանության վարչության պետ Խաչատուր Խաչատրյանն ասաց, որ անպայման կքննարկվեն այս հարցերը։ Մինչդեռ առանց որևէ քննարկման ՇՄԱԳ օրենքի նախագիծը հայնտվել է Կառավարության կայքում, որից հետո էլ կանցկացվի ԱԺ։ Իսկ որ առավել հիասթափեցնողն է՝ դեռևս ամռան վերջում և աշնան սկզբերին փորձագետների կողմից ներկայացված  բավականին ողջամիտ և որ կարևորն է, մասնագիտական բոլոր առաջարկներն անտեսվել են։

Նշենք, որ Կանաչ Հայաստան բնապահպանական, կրթական ՀԿ-ն հավաքագրել էր մի շարք փորձագետների կարծիքները և հանրային կերպով, ինչպես նաև նախարարությանը պաշտոնական գրությամբ ներկայացրել էր բոլոր առաջարկները, սակայն բացի առաջարկների փաթեթը ստանալու ծանուցումից նախարարության կողմից այլ արձագանք չեղավ։

Այսինքն կարելի է ասել, որ Հասարակական խորհուրդը, ինչպես հնում, այժմ էլ հիմա ցուցադրական բնույթ է կրում, դե իսկ մասնագիտական համագործակցության, որոշումների կայացմանը մասնակցության և ժողովրդավարական այլ արժեքների մասին խոսելը պարզապես անտեղի է:

Ուստի մենք դատապարտում ենք նման անժողովրդավար և հանրային ու բնության շահերից չբխող գործելաոճը և, ֆիկտիվ անդամակցությունից զերծ մնալու նպատակով՝ լքում ենք ՇՄՆ Հասարակական խորհդի կազմը»,- նշում է Թեհմինե Ենոքյանը։