«Բենզինի և դիզվառելիքի շուկայի վերաբերյալ տարբեր խոստումներ են եղել։ Ձեր ղեկավարած հանձնաժողովի կողմից այդ շուկաների ուսումնասիրության տեղեկանքներն եմ կարդում, մի տեսակ տպավորություն է, որ ավելի շատ փաստաբանության է նման, քան պետական մարմնի»,- ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ դիմելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։
Թադևոս Ավետիսյանը նշեց՝ իր մոտ տպավորություն է, թե ՄՊՀ-ն ջանք չի խնայում՝ հիմնավորելու, թե ինչու պետք է բենզինի և դիզվառելիքի գինը սահուն կերպով բարձրանա՝ միջազգային շուկաներով պայմանավորված: «Իսկ, երբ միջազգային շուկաներով պայմանավորված պետք է նվազի, ինչո՞ւ այդ նույն կերպով նույն հիմնավորմամբ չի նվազում»,-ասաց պատգամավորը:
«Այս օրերին նորից բենզինի, դիզվառելիքի գնաճ կա տարբեր պատճառաբանություններով։ Օպերատիվ տվյալներ ու գնահատում ունե՞ք, քանի որ շատ կարևոր ապրանք է, գնաճը բերում է մուլտիպլիկատիվ էֆեկտներ»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Ի պատասխան՝ Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ Հայաստանում բենզինի շուկայում կան խնդիրներ, հարուցված քրեական գործեր:
«Իհարկե, բենզինի շուկայում կան խնդիրներ: Ամենամեծ խնդիրներից մեկը նաև լաբորատոր կարողությունների բացակայությունն էր, որ մենք կարողանայինք համապատասխան հսկողություն անել: Սակայն, կան արդեն հարուցված գործեր, եթե չեմ սխալվում, նաև քրեական՝ տրված նյութերի հիման վրա, որտեղ որակը և քանակը չեն համապատասխանել իրականությանը»,-ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ շուկայում գործող բոլոր տնտեսավարողների հետ կապված ունեն գործընթացներ:
Պատգամավորը հավելեց՝ բենզինի շուկայում սեփականատերեր են փոխվել, դա ինչի՞ է բերել:
Գևորգյանը պատասխանեց. «Կապիտալի վերաբաշխում տեղի չի ունեցել, շուկայում հայտնվել են տարբեր խաղացողներ, այդ թվում՝ խոշոր մասնաբաժին ունեցող խաղացողներ: Եվ այդ խաղացողների քանակի ավելացման շնորհիվ է, որ Իրանից ներմուծվող դիզելային վառելիքի և բենզինի գներն իջել են»:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին խնդրեց պատասխանել հարցին՝ նկատի ունենալով հանրության շրջանում առկա տարբեր խոսակցությունները: «Արդյոք բենզինի և դիզվառելիքի շուկայում մենք ունե՞նք ադրբեջանական ծագման բենզին, արդյոք Հայաստանում այս շուկայում գործող կազմակերպությունները ուղղակի կամ անուղղակի կապվա՞ծ են ադրբեջանական կազմակերպությունների հետ: Եվ արդյոք բենզինի և դիզվառելիքի շուկայում ադրբեջանական «SOCAR» ընկերության դերակատարումը կա՞, թե՞ ոչ: Ունե՞ք տեղեկատվություն»,-հարցրեց պատգամավորը:
Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պատասխանեց, որ, իհարկե, ունի տեղեկատվություն: Նա հավելեց՝ ինչպես հասկանում է՝ այդ խոսակցություններն իրենց վերջին թույլ տված գործարքի մասին է, որը որևէ առնչություն չունի ոչ SOCAR-ի, ոչ ադրբեջանական որևէ այլ կազմակերպության հետ: «Գործարքը կատարվել է վրացական Petrocas ընկերության միջև, որը ներկայացնում է GULF բրենդը: Ծագման երկրները հստակ են: Հայաստանում բենզին և դիզվառելիք գալիս է գերակշիռ մասը Ռուսաստանի Դաշնությունից, հետո՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, մի փոքր՝ Ռումինիայից և Բուլղարիայից: Ես վստահաբար ասում եմ, որ ՀՀ-ում որևէ այլ երկրի ծագման բենզին չկա»,-վստահեցրեց Գևորգյանը:
Նա հավելեց, որ սահմանի վրա հսկողություն տեղի է ունենում՝ ԵԱՏՄ ռեժիմով, սակայն դա չի խանգարում, որ իրենք ևս բովանդակային վերահսկողություն իրականացնեն տեղում:
Գևորգյանը ԱԺ-ում ներկայացրեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նշվում է, որ նախագծի ընդունման դեպքում կվերանան արձանագրված տեխնիկական բնույթի խնդիրները և նախադրյալներ կստեղծվեն Հանձնաժողովի գործունեություն առավել արդյունավետ իրականացման համար: