Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց վերսկսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդության քննությունը։
Հիշեցնենք, որ Ալումյանը միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։
Դանիբեկյանը հղում արեց Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 4-րդ մասին, որի համաձայն քրգործի վարույթը կարող է կասեցվել անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո։ Այս դեպքում դատարանը գտել է, որ առկա են դատավարական գործողություններ, որոնց դատարանը դեռ պետք է անդրադառնա։
Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ գործով անցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը միջնորդություն է ներկայացրել երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ։ Դատարանը գտել է, որ նախկան այդ միջնորդության լուծումը Հայկ Ալումյանի միջնորդությունը չի կարող լուծում ստանալ։
Դատական նիստը մեկ ժամով ընդմիջվեց․ Արմեն Գևորգյանը մասնացկում է ԱԺ քառօրյային: Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվող ենթադրյալ կաշառքի մասին քրգործն ընդմիջվեց մեկ ժամով։
Գործով անցնող ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը չի կարողացել ներկայանալ այսօրվա դատական նիստին, քանի որ մասնակցում է ԱԺ քառօյայի աշխատանքներին։ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց դատարանին այդ մասին՝ խնդրելով պատգամավորի բացակայությունը համարել հարգելի։
Բացի այդ պատգամավորն ինքը տեղեկացրել է դատարանին, որ ս․թ․ մարտի 14-15-ին տեղի են ունենալու ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Գևորգյանը խնդրել է դատավորին, հերթական դատական նիստը նշանակելիս, հաշվի առնել որ այդ օրերին նա մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին և չի կարող ներկայանալ դատարան։
Դատարանը գտավ, որ հնարավոր չէ Արմեն Գևորգյանի բացակայությամբ քննարկել մինչ այդ ներկայացված որևէ միջնորդություն կամ վերսկսել Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդության քննությունը և հայտարարեց ընդմիջում՝ պարզելու՝ թե երբ Գևորգյանը կկարողանա ներկայանալ։