կարևոր
4084 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-01 12:09

Իշխող ՔՊ խմբակցությունը Մարաղայի ջարդերի հիշատակման առաջարկին ձեռնպահ քվեարկեց

Իշխող ՔՊ խմբակցությունը Մարաղայի ջարդերի հիշատակման առաջարկին ձեռնպահ քվեարկեց

ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով փետրվարի 28-ին նշվում է Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ԱԺ-ում առաջարկեց ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդերի զոհերի հիշատակի օր։

«Մարաղայի  վրա հարձակումը ևս ուներ  բացառապես հայ խաղաղ բնակչության ոչնչացման նպատակ և այդ ոճրագործությունը շարունակությունն էր Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և այլ բնակավայրում հայկական բնակչության  կազմակերպված և զանգվածային ջարդերի ու տեղահանության։ Սակայն  այս ոճրագործությունները տեղի են ունեցել Սովետական Ադրբեջանի տարածքում, իսկ Մարաղայի  դեպքում գործ ունենք Արցախի Հանրապետության տարածքում արդեն  հետանկախական Ադրբեջանի կողմից իրականացված ջարդերի հետ, ինչը դատապարտելու օր մենք պետք է սահմանենք։ Մենք պետք է ընդգծենք՝ ինչպես  Սովետական Ադրբեջանն էր  հայատյաց  քաղաքականություն  վարում, այնպես էլ այդ գործալաոճը  շարունակվել է  հետանկախական շրջանում և իրականացվում է մինչ օրս,  ինչն առավել ցայտուն  դարձավ 44-օրյա պատերազմի ժամանակ»,- ասաց Ա.Մանուկյանը։

Նրա խոսքով, պետք է  հետսովետական շրջանում իրականացված  Մարաղայի դաժան  ջարդերի արձանագրումն ու դատապատումը հակակշռել Խոջալուի,  այսպես կոչված ցեղասպանության կեղծ  հարցը միջազգային օրակարգ  տեղափոխելու թշնամական Ադրբեջանի ջանքերին և շահարկումներին՝ տվյալ դեպքում  Ադրբեջանը որպես հանցագործ ինքն է բարձր գոռում՝ «բռնեք հանցագործին»։

«Մենք  պետք է ի ցույց դնենք, որ Ադրբեջանի գործելաոճը չի փոխվել, ինչը նաև հուշում է, թե ինչ կլինի  հայ բնակչության հետ, եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանուկյանը նշեց, որ իր համար անընդունելի է, որ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությունը տարբեր պատճառաբանություններով չընդունեց այս նախագիծը, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող ուժը մերժել էր նաև  «Շուշիի հռչակագրի» դեմ բերված իրենց  հայտարարությունը, այդ որոշումն իրենց դեպքում  խիստ տրամաբանական էր, քանզի մտածում են, որ այսպես կոչված  խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհին չի կարելի  նեղացնել իրենց կողմից կիրթ և կառուցողական որակված Ալիևին։

Գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Մարաղայի ջարդերը դատապարտելի են, իրենից ներկայանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն։ «Գտնում են՝ Ադրբեջանի  կողմից հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի։ Այո, մենք հիշատակի օրեր պետք է ունենանք, բայց եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ հայոց պատմության մեջ տեղի ունեցած  ցանկացած իրադարձություն պետք է հիշատակի օր դառնա օրենքով, ապա մենք կունենանք իրավիճակ, երբ, ըստ էության, ամեն օր ունենք հիշատակի օր»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին։ Նա հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու այս նախագծին։ 

Արդյունքում՝ նախագիծը չընդունվեց՝ 58 ձեռնպահ, 7 դեմ և 26 կողմ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ 1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի զինված ստորաբաժանումները Թարթառից հարձակվեցին Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի վրա ու այնտեղ իրականացրին զանգվածային ջարդեր։