կարևոր
5065 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-01 12:01

Կառավարությունն ասում է՝ խոստացել ենք, բայց չենք անի. իշխող խմբակցությունը մերժեց կենսաթոշակների վերաբերյալ «Հայաստան» խմբացության ներկայացրած օրինագիծը

Կառավարությունն ասում է՝ խոստացել ենք, բայց չենք անի. իշխող խմբակցությունը մերժեց կենսաթոշակների վերաբերյալ «Հայաստան» խմբացության ներկայացրած օրինագիծը

Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց կենսաթոշակների վերաբերյալ «Հայաստան» խմբացության ներկայացրած օրենքի նախագիծը:

Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և պետական նպաստների մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Աղվան Վարդանյանը:

«Նախագծի նպատակը տարեց բնակչության, մեր թոշակառուների, նպաստառուների սոցիալական վիճակի բարելավումն է: Առաջարկում ենք, որ աշխատանքային և զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորվեն յուրաքանչյուր տարի: Վերջին տարիներին մենք միջինը տարեկան 7 տոկոս գնաճ ենք ունենում, շատ ավելի թանկանում են պարենային ապրանքները, սակայն կենսաթոշակներն ու նպաստները չեն ավելանում: Վերջին բարձրացումը 2600 դրամով վերաբերել է 480 հազար թոշակառուներից ընդամենը 21 հազար 600 մարդու»,-ասաց «Հայաստան» խմբացության պատգամավոր Աղվան Վարդանյանը: 

Պատագամավորը նշեց, որ այսօր գնողունակությունը նվազում է ամենաանապահով շերտերի համար: 

«Միայն պարենային ապրանքների արժեքը մեկ մարդու համար 37800 դրամ է, իսկ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը 71 հազար դրամ է, բայց միջին աշխատանքային կենսաթոշակը 44 հազար դրամ է»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Շեշտելով, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ պետությունը թույլ չպետք է տա մարդկանց սոցիալական վիճակի վատթարացում՝ ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ ինդեքսավորումը կլուծի այդ հարցը և հիշեցրեց, որ գործող կառավարության 2022-26թթ. զարգացման ծրագրում գրված է, որ կենսաթոշակի, նպաստի չափերի և սպառողական գների ինդեքսի ցուցանիշների միջև փոխկապակցվածությունը ապահովվելու է:

Նա նաև տեղեկացրեց, որ կառավարությունը նախագծին բացասական կարծիք է տվել՝ իր որոշումը հիմնավորելով տնտեսական հնարավորություններ չունենալով և ոլորտի կայունության խաթարման ռիսկով:

«Կառավարությունն ասում է՝ խոստացել ենք բայց չենք անի»,-խոսքն ավարտեց Վարդանյանը և հույս հայտնեց, որ ԱԺ-ն գոնե նախագիծը կընդգրկի օրակարգ:

Նշենք, որ նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել նաև ԱԺ գլխադասային հանձնաժողովում: Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամներն Աղվան Վարդանյանի առաջարկը համարել են խնդրահարույց՝ իրավական որոշակիության տեսանկյունից:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, նկատելով որ նախագծերը մերժելիս գլխադասային հանձնաժողովը բովանդակային առաջարկներ է անում, շեշտեց, որ առավել կառուցողական կլինի, որ խորհրդարանական մեծամասնությունն նախագիծն ընդգրկի օրակարգ և կառուցողական քննարկում կազմակերպվի:

«Այս կեցվածքը՝ բլոկել, չթողնել նախագիծը քննարկման առարկա դառնա ԱԺ-ում, անհասկանալի է, և կոչ եմ անում վերադառնալ քննարկման տիրույթ»,-հայտարարեց Արծվի Մինասյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ նկատեց, որ  իշխող խմբակցությունը թույլ չի տալիս ընդդիմության օրենքների նախագծերն ընդգրկվեն օրակարգում, իսկ վաղը կհայտարարեն որ վերջիններս քիչ նախագծեր են բերել, իսկ իշխանական խմբակցությունը՝ շատ:

Նախագիծը օրակարգում ներառելու համար քվեարկությանը կողմ քեարկեց 26 պատգամավոր, դեմ՝ 65-ը։ Որոշումը չընդունվեց: