Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան (FIFA) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) համատեղ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ Ռուսաստանի ազգային հավաքականներն ու ֆուտբոլային ակումբները զրկվում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Որոշումներն ընդունվել են ՖԻՖԱ-ի խորհրդի և ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կողմից, որոնք համարվում են կազմակերպություններում ամենակարևոր և հրատապ որոշումներն ընդունող մարմինները։
«ՖԻՖԱ-ի խորհուրդն ու ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել են, որ ռուսական թիմերը՝ հավաքականներն ու ակումբները, պետք է զրկվեն ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին մասնակցելու իրավունքից՝ մինչև հետագա ծանուցումը։ Աում ֆուտբոլը միասնական է և իր լիարժեք աջակցությունն է հայտնում Ուկրանիայում տառապող մարդկանց։ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները հույս ունեն, որ իրավիճակը Ուկրաինայում կկարգավորվի հնարավորինս շուտ, և մարդկանց շրջանում ֆուտբոլը կրկին կդառնա միասնության և խաղաղության կողմնորոշիչ»,- ասվում է համատեղ հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ-ն որոշում էր կայացրել, ըստ որի՝ Ռուսաստանի հավաքականը միջազգային մրցումներին կարող է մասնակցել միայն «Ռուսաստանի ֆուտբոլային միության հավաքական» անվանումով, ինչպես նաև առանց դրոշի և օրհներգի։ Սակայն ինչպես տեսնում ենք, ՖԻՖԱ-ն որոշել է կոշտացնել իր դիրքորոշումը։
Ռուսաստանի ֆուտբոլային միությունն (ՌՖՄ) արդեն իսկ հայտարարել է, որ վիճարկելու է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի որոշումը։ Ըստ ՌՖՄ-ի հայտարարության՝ այդ որոշումը հակասում է միջազգային մրցումների կանոններին և սկզբունքներին, ինչպես նաև մարզական ոգուն։
«Այն կրում է բացահայտ խտրական բնույթ և վնաս է հասցնում բազմաթիվ մարզիկների, մարզիչների, ակումբների և հավաքականների աշխատակիցների, և գլխավորը՝ ռուսաստանցի և օտարերկրացի միլիոնավոր երկրպագուների, որոնց շահերը միջազգային սպորտային կազմակերպություններն առաջին հերթին պետք է պաշտպանեն։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում վիճարկել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի որոշումը՝ միջազգային սպորտային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասվում է Ռուսաստանի ֆուտբոլային միության հայտարարությունում։
Նշենք, որ սպորտային իրավունքին վերաբերող վեճերը քննում է Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղակայված Սպորտային արբիտրաժային դատարանը։