Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը հասկանում և աջակցում է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցելու ցանկությանը, սակայն նշում է, որ այդ պրոցեսը մի քանի ամսում տեղի չի ունենում: Այս մասին Աննալենա Բերբոկը հայտնել է փետրվարի 28-ին կայացած բրիֆինգի ժամանակ:
«Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, ապա դա չի նշանակում, որ մենք արթնացանք նոր աշխարհում: Անդամակցության պրոցեսը չի լինում մի քանի ամսվա ընթացքում: Դա խորը և ինտենսիվ վերափոխման գործընթաց է»,-ասել է նա: Գերմանիայի ԱԳ նախարարը նաև ավելացրել է, որ ԵՄ-ն միշտ եղել է տուն, որի դռները բաց են, իսկ Ուկրաինան եվրոպական տան մի մասն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրել է Եվրոպական միությանն անդամակցելու դիմում: ԵՄ-ից հայտնել են, որ կսկսեն դիտարկել Ուկրաինայի անդամակցության հայտը` երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից հայց ստանալուց հետո: Դիմումը պետք է ուղարկվի ԵՄ Նախագահություն, որն այժմ Ֆրանսիան է։ Այնուհետ խորհուրդը կտեղեկացնի դիմումի մասին: