Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է Ասկերանի շրջանի Խրամորթ և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ ծառայությունը ձեռնարկում է բոլոր միջոցները Խրամորթ և այլ համայնքներում բնակչության կյանքն ու առողջությունը հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու և անվտանգային կայուն ու հուսալի համակարգ ձևավորելու ուղղությամբ:
Ծառայությունը բանակցում է նաև ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական գրոհի գործիքները բացառելու համար:
Ավելի վաղ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Խրամորթում հայ աշխատակիցների ուղղությամբ ադրբեջանական կողմի բացած կրակահերթի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։
«ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարութ է ընդունվել ս.թ. փետրվարի 05-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի աձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դեռևս չպարզված հրազենից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքի քարահանքում հանքափորային աշխատանքներ իրականացնող «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊԸ-ի երեք աշխատակիցների ուղղությամբ կրակահերթեր արձակելու, սակայն վերջիններիս թաքնվելու պատճառով՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքի առթիվ ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: