կարևոր
3520 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-28 09:34

Բանակցությունները դեռ չեն սկսվել. Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի 4-րդ օրը

Բանակցությունները դեռ չեն սկսվել. Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի 4-րդ օրը

Ռուսաստան-Ուկրաինա. պատերազմի չորրորդ օրը.

  • Ռուս-ուկրաինական բանակցությունները նախատեսվում է անցկացնել Բելառուսում: Երեկ ռուսական պատվիրակությունը սպասում էր ուկրաինացիներին, սակայն պարզ դարձավ, որ նրանք ուշանում են, քանի որ Կիևի ներկայացուցիչները որոշել են Լեհաստանից մուտք գործել հանրապետություն, ՌԻԱ Նովոստիին ասել է բելառուս քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին, որը մոտ կանգնած է բանակցությունների համակազմակերպիչներին։ «Երկուշաբթի առավոտյան բանակցությունները կանցկացվեն այն պատճառով, որ ուկրաինական պատվիրակությունը չի գնացել ուղիղ ճանապարհով՝ Գոմելով, այլ մեքենայով անցնելու է Լեհաստանով՝ Վարշավսկի մոստ անցակետով (Բրեստ) »,- ասել է աղբյուրը։
  • Ռուսական զինվորականներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Զապորոժյեի մարզի Բերդյանսկ քաղաքը, այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը:
  • Ռուսական ուժերը շրջափակել են Խերսոնն ու Բերդյանսկը, վերահսկողության տակ են վերցրել Գենիչեսկն ու Խերսոնի մոտ գտնվող Չեռնոբաևկա օդանավակայանը։
  •  Դոնեցկի և Լուգանսկի ճակատում ՌԴ բանակը շարունակել է առաջընթացը և մոտեցել Ազովի ծովում գտնվող ուկրաինական վերջին նավահանգիստ-քաղաքին՝ Մարիուպոլին։ Քաղաքն այս պահին ամբողջությամբ շրջապատված է:
  • Ռուսական Բանակը աշխատում է նաև Օդեսայի ուղղությամբ։ Ճակատի այս հատվածից նույնպես ՌԴ ՊՆ-ն հաղորդում է զորքերի առաջխաղացման մասին։
  • Կիևի ուղղությամբ մարտավարական հակամարտությունը շարունակվում է։ Ռուսական զորքերը արգելափակել են քաղաքի արևմտյան և հարավ-արևմտյան մուտքերը։ Օրվա ընթացքում մի քանի անգամ տեղեկություններ են ստացվել, որ ռուսական զորքեր են նկատվել նաև Կիևից հյուսիս ընկած տարածքներում։
  • ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները սկսել են ֆոսֆորով լցված զինամթերքի զանգվածային օգտագործումը Կիևի արվարձաններում՝ Գոստոմելի օդանավակայանի մոտ։
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին Ռուսաստանի զսպման ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ։ Իր այդ որոշումը Պուտինը հիմնավորել է ՆԱՏՕ անդամ մի շարք պետությունների ղեկավարների՝ Ռուսաստանի հասցեին հնչեցված ագրեսիվ հայտարարություններով ու նրանց կողմից Ռուսաստանի հանդեպ իրականացվող ոչ բարեկամական գործողություններով։
  •  Օրվա ողջ ընթացքում Ուկրաինայի ամենատարբեր անկյուններից ստացվում էին հրթիռակոծման, օդային մարտերի, տարբեր շարասյուների ոչնչացման, այս կամ այն բնակավայրի ձեռքից ձեռք անցնելու մասին լուրեր։

Պատժամիջոցները Ռուսաստանի դեմ շարունակվում են.

  • Եվրամիությունը փետրվարի 28-ից փակել է օդային տարածքը Ռուսաստանի համար։
  • ԵՄ-ն արգելել է գործառնությունները՝ կապված Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների և ակտիվների կառավարման հետ։
  • Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահի և երկրի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։
  • Փետրվարի 28-ին Բայդենը զրույց կունենա դաշնակիցների հետ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
  • Ճապոնիայի վարչապետն ասել է, որ ռուսական զսպման ուժերի տեղափոխումը հատուկ ռեժիմ մեծացնում է անկայունությունը։
  • Եվրամիությունը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին՝ ներառյալ SWIFT-ից ռուսական բանկերի անջատումը, ինչպես նաև RT հեռուստաալիքի հեռարձակման և Sputnik գործակալության գործունեության արգելքը։
  • Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը Ուկրաինայի զինված ուժերի համար 450 միլիոն եվրոյի զենք կառաքի։ 
  • Բեռնափոխադրումային ծառայությունների իրականացման աշխարհի խոշորագույն ընկերությունները՝ UPS-ը և FedEx-ը, դադարեցրել են առաքումները դեպի Ռուսաստան և Ուկրաինա։