Փետրվարի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը: Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Երեկվանից փակ են արդեն բոլոր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիների վարագույրներն՝ ի նշան կորուսյալ դրախտի, և Եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդանը: Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը, որ տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:
Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության:
Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է:
Բարեկենդանի թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7):
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Պահքը կամ ծոմապահությունը ներանձնական վիճակ է, և այն պետք չէ կատարել ի ցույց մարդկանց, այլ` ի փառս Աստծո: Պահքի նպատակն է մարմինը վարժեցնել սակավապետության, որպեսզի հարստացնենք մեր հոգևոր կյանքը: