կարևոր
3517 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-26 18:02

Սա Ադրբեջանին անպատիժ թողնելու և թողտվության մթնոլորտի հետևանքն է. Գեղամ Ստեփանյանն առաջարկում է Խրամորթում խաղաղապահներ տեղակայել

Սա Ադրբեջանին անպատիժ թողնելու և թողտվության մթնոլորտի հետևանքն է. Գեղամ Ստեփանյանն առաջարկում է Խրամորթում խաղաղապահներ տեղակայել

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական կողմի քայլերի պատճառով կաթվածահար է Արցախի Խրամորթ գյուղի բնականոն կյանքը, մարդիկ դադարեցրել են գյուղատնտեսական աշխատանքները, որը նրանց ապրուստի հիմնական միջոցն է։ Գեղամ Ստեփանյանն այցելել է Խրամորթ և ականատես եղել ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով գյուղում տիրող իրավիճակին։ «Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում ադրբեջանցիների կողմից բարձրախոսներով հայ բնակչությանն ուղղված «կոչերն ու հորդորները» բնակչությանն ահաբեկելու ուղիղ դիտավորություն ունեն», - գրում է ՄԻՊ-ը՝ մանրամսնելով իրավիճակը.:

«Հավաքագրված փաստերը վկայում են, որ գյուղի բնակչությանն ահաբեկելու ադրբեջանական հերթական գործողությունները իրականացվում են հատուկ պլանավորված և ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ։ Դրանք Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողություններ են, ինչի մասին է վկայում նաև այն հանագամանքը, որ այսպես կոչված «կոչերն ու հորդորները» տեսաձայնագրվում ու սոցիալական ցանցերում տարածվում են 44-օրա պատերազմի օրերին և դրանից հետո ադրբեջանական քարոզչությունն իրականացնող ալինքներով: 

Կոչերի բովանդակությունից պարզ երևում է, որ ադրբեջանական կողմը ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ սպառնալիք է հնչեցնում Խրամորթ համայնքի խաղաղ բնակիչների նկատմամբ՝ նպատակ ունենալով զրկելու նրանց սեփական հայրենիքից, խաղաղ ու անվտանգ ապրելու, արժանապատիվ աշխատանքով բնականոն կյանք վարելու իրավունքից։

Համայնքում բնակվող 300 ավելի խաղաղ բնակիչների շրջանում 80 և ավելի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաններ կան, տարեց ու հոգեբանորեն խոցելի այլ խմբի ներկայացուցիչներ։

Կաթվածահար է գյուղի բնականոն կյանքը, մարդիկ հիմնականում դադարեցրել են գյուղատնտեսական աշխատանքները, որը խաղաղ բնակիչների ապրուստի հիմնական միջոցն է։

Սա Ադրբեջանին իր կատարած հանցավոր արարքներ համար անպատիժ թողնելու և թողտվության մթնոլորտի հետևանքն է, որի պայմաններում ադրբեջանական կողմը նոր մեթոդներ ու միջոցներ է կիրառում իր հայատյաց ու ահաբեկչական քաղաքականությունը առաջ մղելու համար։

Համայնքի բնակիչերի անվտանգության, նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման համար խիստ անհրաժեշտ են անվտանգության հավելյալ միջոցառումների իրականացումը թե՛ Արցախի անվտանգության մարմինների կողմից, թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների կողմից։ Մասնավորապես համայնքի տարածքում ռուսական խաղաղապահ զորքերից կազմված խմբի մշտական առկայությունը կարող է ավելացնել անվտանգության զգացողությունը համայնքի բնակիչների շրջանում և խթանել համայնքում խաղաղ բնակչության բնականոն կյանքի ապահովմանը» ,- գրում է Գեղամ Ստեփանյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ արդեն մի քանի օր է` ադրբեջանցիներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից պահանջում են լքել գյուղը։ Ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, որ գյուղը ադրբեջանական տարածք է։