Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է կայացրել սառեցնել ՌԴ անդամակցությունը կազմակերպությանը, հայտնել է Իտալիայի ԱԳՆ-ն։
Ստրասբուրգում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը պարզաբանել է, որ Եվրոպայի Խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը սառեցնելու գործընթացի մեկնարկը տարածվում է ԵԽԽՎ-ում, արտգործնախարարների կոմիտեում և ՄԻԵԴ–ում նրա աշխատանքի վրա։ Եվրախորհուրդը, Ռուսաստանի անդամակցության կասեցման պատճառով, պետք է վերադարձնի տարեսկզբին վճարած 32,5 միլիոն եվրոն, ասել է սենատոր Ջաբարովը։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտնել էր, որ ԵԽ նախարարների կոմիտեն կազմակերպությունում Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց է սկսել։
Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Подъем» պարբերականին հայտարարել է, որ այս կազմակերպության անդամակցության կասեցումը քաղաքացիներից շատերի համար մեծ թեթևացում կլինի։
«Եվրոպայի Խորհրդին անդամակցելը Ռուսաստանի վրա մահապատժից հրաժարվելու պարտավորություն էր դնում։ Իսկ այժմ այդ պարտավորությունը դադարում է գոյություն ունենալ։ Դա ուրախալի չէ, սակայն ես համոզված եմ, որ ՌԴ քաղաքացիների 99,9%–ը որևէ կերպ չի կապում իր բարեկեցությունը ԵԽ–ում անդամակցության հետ»,-ասել է նա։
Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյն իր հերթին հայտարարել է, որ ԵԽ-ից դուրս գալը «միայն ՄԻԵԴ–ի նկատմամբ հասանելիությունը կորցնել է» նշանակում։
«Դա որևէ մեկին որևէ բանով չի սպառնում։ Պարզապես պակասեցնում է մեր հնարավորությունները կառուցողական երկխոսության համար, սակայն մենք այստեղ որևէ բանի վրա ազդել չենք կարող։ Դա կազդի նրա վրա, որ և՛ Ռուսաստանի, և՛ Բելառուսի, և՛ Ուկրաինայի բնակիչները ՄԻԵԴ–ին հասանելիություն չեն ունենա։ Ահա և վերջ», – ասել է նա։