28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Այսօր Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմին՝ նոր պաշտպանի լիազորությունների կատարմանն անցնելու առիթով․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։
Նորընտիր պաշտպանը նշել է, որ արդեն առիթ ունեցել է ծանոթանալու աշխատակազմի հետ և ընթացիկ աշխատանքների առավել մանրամասն քննարկումներն առջևում են։ Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը հավուր պատշաճի իրականացնելու գործում կենտրոնական նշանակություն ունեն բարձր մասնագիտական կարողություններով ու մարդկային հատկանիշներով օժտված և առաքելության գիտակցմամբ մարդիկ, որոնք այսօր աշխատում են Պաշտպանի աշխատակազմում և ներկա են այս դահլիճում։ Առիթն օգտագործելով Քրիստիննե Գրիգորյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր անձանց, որոնք հիմնադրումից ի վեր աշխատել են աշխատակազմում և իրենց ներդրումը բերել հաստատության կայացման համար։ Միևնույն ժամանակ նորընտիր պաշտպանը նշել է, որ ինստիտուտի զարգացման ու շարունակական կայացման համար դեռևս անելիքներ շատ կան։
Նշենք, որ հունվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին։ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը:
Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը և անհամատեղելիության պահանջները: ՀՀ ՄԻՊ ինստիտուտի գոյության ընթացքում սա երկրորդ անգամ է, որ այդ պաշտոնը կին է զբաղեցնելու։ Առաջինը եղել է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը (2004-2006 թթ)։
Քրիստինե Գրիգորյանը 41 տարեկան է, 2009-ից եղել է Ազգային ժողովի նախ աշխատակազմի ղեկավարի, այնուհետև խորհրդարանի նախագահի իրավական հարցերով օգնականը։ 2018-ին եղել է փոխվարչապետի խորհրդականը, 2019-ին արդարադատության փոխնախարար է նշանակվել։
Հիշեցնենք, որ երեկ ավարտվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 ամյա ժամկետը: