Այսօր՝ փետրվարի 25-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հրամանով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում հրավիրվել էր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով։ Այն, սակայն, չկայացավ քվորում չլինելու պատճառով: Ներկա էր ընդամենը 89 դատավոր:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներից հետո դատավորները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել։Նախատեսվում էր քննարկման առարկա կդարձվի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։
Նշենք, որ երեկվանից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ամեն ինչ անում է, որ դատավորները չգան եւ քվորում չապահովվի:
Դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: