Եռաբլուրում մեկնարկել է «Ազատագրում» շարժման նախաձեռնած համահայկական ստորագրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը լրագրողների հետ հայտնեց, որ համահայկական ստորագրահավաքը լինելու է և՛ գրավոր, և՛ օնլայն տարբերակով։ Ստորագրահավաքը կիրականացվի ինչպես Երևանում, այնպես էլ՝ ՀՀ տարբեր մարզերում, Արցախում և Սփյուռքում, իսկ թե ինչու է մեկնարկը տրվել Եռաբլուրում, Հոխիկյանը պարզաբանեց, որ այսօր Անդրանիկ զորավարի ծնդդյան 157-րդ ամյակն է, բացի այդ, Եռաբլուրում մոտ 1.5 տարի առաջ արդեն սկսեցին ննջել մեր շատ հայրենակիցներ, որոնք զոհվել են հայրենիքը պաշտպանելու համար, բայց դարձել են թուրքի հետ գործարքի զոհ։
«Մենք այդքան զոհ չէինք ունենա, այդքան տարածքային և մարդկային կորուստներ չէինք ունենա, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի ապազգային դավաճանական գործարքը՝ թշնամու հետ»,- նշեց Հոխիկյանը։