կարևոր
2755 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-25 11:48

Թուրքիան չի շտապում բավարարել Ուկրաինայի խնդրանքը

Թուրքիան չի շտապում բավարարել Ուկրաինայի խնդրանքը

«Մենք պաշտոնական դիմում ենք ստացել Ուկրաինայից։ Մոտրոյի կոնվենցիայի դրույթները հստակ են։ Պատերազմում, որում Թուրքիան պատերազմի կողմ չէ, կարող են միջոցներ ձեռնարկվել մասնակից երկրների դեմ։ Թուրքիան կարող է սահմանափակել ռուսական մուտքը, սակայն Մոնտրոյի կոնվենցիան նաև նախատեսում է, որ պատերազմի մասնակից երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց բազաները, և դա պետք է թույլ տալ»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ 

Կիևն Անկարային պաշտոնապես խնդրել է սահմանափակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ՌԴ ռազմանավերի անցումը։ Տեղեկությունը հաստատել են Թուրքիայի ԱԳՆ–ից, հաղորդում է hurriyet–ը։

Թուրքիան ասում է, որ գնահատում է Ուկրաինայի խնդրանքը Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմածովային նավերի համար փակելու վերաբերյալ։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտնել է, որ Թուրքիան «կգնահատի բոլոր սցենարները, որոնք կբխեն Մոնտրոյի կոնվենցիայից»՝ հղում անելով կարևոր պայմանագրին, որը հաստատում է Թուրքիայի վերահսկողությունը Միջերկրական ծովը Սև ծովի հետ կապող նեղուցների վրա՝ հավելելով, որ «իր որոշումը կօգտագործի հանուն խաղաղության՝ հակամարտությունը խորացնելու փոխարեն»։

«Մենք շարունակելու ենք հետևել գործընթացին։ Մենք, անշուշտ, չենք ցանկանում, որ լարվածությունն ավելի սրվի»,- ասել է Չելիքը՝ չմանրամասնելով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անկարայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևն Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսական նավերի համար, պատրաստ են համապատասխան ապացույցներ ներկայացնել, որ Ռուսաստանը հարձակվել է ուկրաինական տարածքի վրա։

Նշենք, որ 1936թ. ստորագրված Մոնտրյոյի կոնվենցիան գործում է մինչ օրս: Այն ստորագրել են ԽՍՀՄ-ը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունաստանը, Հարավսլավիան, Ավստրալիան ու Ճապոնիան: Կոնվենցիան ենթադրում է, որ բոլոր սեւծովյան պետությունների ռազմանավերը ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներով՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն Թուրքիային: Իսկ ոչսեւովյան պետությունների ռազմանավերի համար կա հստակ սահմանափակում՝ միայն մանր ու ոչ մեծ տարողությամբ ռազմանավերին է թույլատրվում մուտք գործել նեղուցներ: Ի դեպ, Թուրքիան բազմիցս խախտել է այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը եւ թույլատրել նացիստական նավերի մուտքը Սեւ ծով: