Ռուսաստանը երկրորդ օրն անընդմեջ հրթիռային հարվածներ է հասցնում Ուկրաինայի խաղաղ քաղաքներին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում։
Նա ընդգծել է, որ շատ ուղղություններով ռուսական հարձակում կանխվել է, մարտեր են ընթանում։ Զելենսկին նշել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը պաշտպանում են երկինքը:
«Ցավոք, մենք կորցրել ենք մեր 137 հերոսներին, մեր քաղաքացիներին, որոնցից 10-ը սպա է… 316-ը վիրավոր կա: Հակառակորդը հարվածներ է հասցնում ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլև քաղաքացիական անձանց»,- ասել է նա:
«Մենք միայնակ ենք պաշտպանում մեր պետությունը։ Աշխարհի ամենահզոր ուժերը հեռվից հետեւում են։ Երեկվա պատժամիջոցները համոզեցի՞ն Ռուսաստանին։ Դա բավարար չէ»,- ասել է Զելենսկին։
Միաժամանակ պետության ղեկավարը բոլոր ուկրաինացիներին կոչ է արել մոբիլիզացվել ու օգնել միմյանց ու բանակին։
«Ուկրաինացիների ճակատագիրը կախված է միայն մեզնից։ Մեզնից բացի ուրիշ ոչ ոք չի ղեկավարի մեր կյանքը: Մենք մեր հողի վրա ենք, ճշմարտությունը մեզ է պատկանում։ Մեզ ոչնչացնել չի ստացվի։ «Կալիբր» հրթիռներն անզոր են մեր ազատության դեմ»,- ասել է Զելենսկին։
Նա կրկին կոչ է արել Ռուսաստանին բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։ Զելենսկին ասել է, որ չի վախենում Ռուսաստանի հետ խոսել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին։
«Որքան շուտ սկսվի երկխոսությունը, այնքան քիչ կլինեն կորուստները հենց Ռուսաստանի համար: Մենք չենք վախենում խոսել Ռուսաստանի հետ: Մենք չենք վախենում խոսել չեզոք կարգավիճակի մասին, մենք ՆԱՏՕ-ում չենք: Բայց ինչպիսի՞ երաշխիքներ կունենանք: Ամենակարևորը՝ ո՞ր երկրներն են դրանք մեզ տրամադրելու»։