կարևոր
2395 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-24 21:35

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվել է Ս. Վարդանանց տոնի հիշատակման Պատարագ

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվել է Ս. Վարդանանց տոնի հիշատակման Պատարագ

Այսօր՝ փետրվարի 24-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի,  մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ նվիրված Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակի օրվան:

Ներկա էին հոգևոր և սարկավագաց դասը, թբիլիսահայ մտավորականներ, հավատացյալներ: Օրվա Պատարագիչն էր արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Պատարագիչ քահանան և հոգևոր սպասավորները աղոթք բարձրացրին առաջնորդանիստ տաճարի Սրբոց Վարդանանց անունը կրող խորանում: Հընթացս Սուրբ Պատարագի Հայր Սուրբի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ «Վասն համօրէն ննջեցելոց ազգիս հայոց»:

Տեր Վիրապը հավուր պատշաճի քարոզ խոսեց հերոս զորավարների և նրանց զինակիցների մասին, ովքեր ազգովի պայքարի էին ելել հանուն հավատքի և հայրենիքի: Իր քարոզում հոգևոր հայրը արժևորեց հայրենասիրության, հոգու արիության և հավատքին նվիրվածության առաքինությունները, որոնք մարմնավորում էին Մեծն Վարդան զորավարն ու նրա զինակիցները և հորդորեց հավատացյալներին հավատարիմ մնալ Սրբոց Ղևոնդյանց և Սրբոց Վարդանանց հիշատակին ու ժառանգությանը:

Սրբոց Վարդանանց տոնը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվանակոչության օրն է: Այդ առիթով հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք: Միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության  աղերսով:

Օրհնելով ներկաներին և հոգևոր դասին՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանն իր քարոզչությունում ընդգծեց, որ Սրբոց Վարդանանց տոնը այն հերոս զինվորների հիշատակի օրն է, ովքեր ընկան հայրենիքը պաշտպանելու և հավատքին հավատարիմ մնալու մաքառումներով: Դրանք նաև այն 44-օրյա արցախյան  պատերազմի 5-հազարից ավելի զոհերն են, որոնց հիշատակը պահպանվում է ազգի ու ժողովրդի հոգում:

Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց Ուկրաինայում կատարվող իրադարձություններին, որոնք  մահ ու ավերածություն են սփռում շուրջբոլորը:  Հայր Սուրբը ներկաներին հորդորեց մոտ լինել Աստծուն, ներկա գտնվել եկեղեցիներում կատարվող Սբ.Պատարագներին և բոլոր ծիսակատարություններին, քանզի սուրբ տաճարներում է քարոզվում, պահպանվում և  տարածվում հայրենիքը պաշտպանելու, ազգայինը պահելու, հավատքին հավատարիմ  մնալու գաղափարները:

 Հգշ. Տեր Կիրակոս վարդապետը բոլոր Վարդաններին շնորհավորեց իրենց անվանակոչության օրվա կապակցությամբ, կոչ անելով նրանց լինել Վարդանանց  ազնիվ ու քաջ զավակներն ու հետևորդները: