կարևոր
2923 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-24 20:55

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են պատասխանատվության ենթարկել լիազորությունները չարաշահած ոստիկաններին. հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են պատասխանատվության ենթարկել լիազորությունները չարաշահած ոստիկաններին. հայտարարություն

Այսօր մի խումբ լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են ոստիկանների կողմից «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին բերման ենթարկելու, հեռախոսում առկա նյութերը ջնջելու և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու փաստին և դատապարտել լրագրողի նկատմամբ կիրառված ոչ իրավաչափ գործողությունները։

«Փետրվարի 22-ին Ադրբեջանի մեջլիսի պատգամավորների՝ Երևան այցելելու դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների հետ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թղթակից Անի Նահապետյանին։ Վերջինս աշխատանքային պարտականություններն է կատարելիս եղել և միջադեպի պահին ցույց է տվել լրագրողական վկայականը: Ավելի ուշ՝ արդեն ոստիկանության բաժնում, իրավապահներն Անի Նահապետյանի ձեռքից վերցրել են հեռախոսը և ջնջել այն կադրերը, որոնք նա նկարահանել էր շենքի ներսում: Ի թիվս այլ քաղաքացիների, լրագրողի նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով։ Ըստ իրավապահների՝ Անի Նահապետյանը հայհոյանքներ է հնչեցրել իշխանությունների հասցեին, ինչը, սակայն, լրագրողը հերքել է և, իր հերթին, հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։

Թեև ոստիկանությունը միջադեպի առնչությամբ պարզաբանում է հրապարակել՝ պնդելով, որ «որևէ մեկը չի ներկայացել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ և չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ», մենք այդ փաստարկը հիմնազուրկ և ոչ համոզիչ ենք համարում, քանի որ անհերքելի ապացույցներ կան առ այն, որ Անի Նահապետյանը և՛ բերման ենթարկվելիս, և՛ ոստիկանության բաժնում տեղեկացրել է, որ լրագրող է։ Այդուհանդերձ, չորս ժամից ավելի բաժնում պահելուց հետո միայն նրան ազատ են արձակել։ 

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք լրագրողի նկատմամբ կիրառված ոչ իրավաչափ գործողությունները, այդ թվում՝ ապօրինի բերման ենթարկելը և մասնագիտական գործունեության խոչընդոտումը։
Այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունից պահանջում ենք․

  • անհապաղ կարճել Անի Նահապետյանի դեմ հարուցված քրեական գործը,
  • ծառայողական քննություն նշանակել և պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին,
  • միջոցներ ձեռնարկել՝ ապագայում լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքն ու գործողությունները բացառելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ»:

Հիշեցնենք, որ  փետրվարի 22-ի երեկոյան ոստիկանությունը, ապօրինի և անհամաչափ ուժ կիրառելով, բերման է ենթարկել Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ խաղաղ ակցիա իրականացրած ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամներին: Կարմիրբերետավորների բիրտ ուժի կիրռաման հետևանքով բերման ենթարկված աղջիկներից մեկի ձեռքը կոտրվել է: Շտապ օգնության մեքենայով նրան հիվանդանոց են տեղափոխել: 

Ակցիան լուսաբանելու իր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում, ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը: Բերման ենթարկվելու պահին լրագրողը ներկայացել է, ցույց է տվել իր լրագրողական տարբերանշանը, սակայն ոստիկանները, խոչընդոտելով իր մասնագիտական պարտականությունների կատարելուն ուղղված լրագրողի աշխատանքը, ոչ միայն չեն դադարեցրել իրենց ապօրինի գործողությունները, այլև նրան բռնությամբ տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, որտեղ պահել են ավելի քան 4 ժամ:

Ոստիկանության ապօրինի գործողությունները դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել նաև Հայաստանի ժուռնալիստների միությունը, Երկիր մեդիա հեռուստաընկերությունը, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը: