Ավիաընկերությունները չեղարկել են այսօր նախատեսված թռիչքները Երևանից դեպի Կրասնոդար, Սոչի և Կիև ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Ըստ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակի՝ Երևանից երկու չվերթ էր նախատեսված Կրասնոդար՝ 19:05-ին և23:25-ին, Երևան-Կիև չվերթը 20:40-ին էր նախատեսված, իսկ Սոչիի թռիչքը 20:55-ին: «Այս պահին պաշտոնապես չեղարկվել են դեպի Կիև, Սոչի և Կրասնոդար ուղղությամբ չվերթերը»,- ասաց Աղաբեկյանը։
Թռիչքների ցուցակում այլ փոփոխություններ դեռ նախատեսված չեն։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանում մի շարք օդանավակայանների թռիչքներ ժամանակավորապես դադարեցվել են:
Մասնավորապես, ժամանակավորապես դադարեցվել է Ռոստով (Պլատով), Կրասնոդարի (Պաշկովսկի), Անապայի (Վիտյազևո), Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը:
Փակվել է Ուկրաինայի օդային տարածքը։