կարևոր
2713 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-24 19:04

ՈւԵՖԱ-ն վաղը հրատապ նիստ է գումարում

ՈւԵՖԱ-ն վաղը հրատապ նիստ է գումարում

ՈւԵՖԱ-ն դատապարտում է ռուսական ռազմական ներխուժումը Ուկրաինա. այս մասին կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վաղվա նիստում կքննարկվի Սանկտ Պետերբուրգին  այս տարվա մայիսին Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու իրավունքից զրկելու հարցը:

«ՈւԵՖԱ-ն կիսում է միջազգային հանրության զգալի մտահոգությունը Եվրոպայում զարգացող անվտանգության իրավիճակի վերաբերյալ և խստորեն դատապարտում է Ռուսաստանի շարունակվող ռազմական ներխուժումն Ուկրաինա։

Որպես եվրոպական ֆուտբոլի կառավարող մարմին՝ ՈՒԵՖԱ-ն անխոնջ աշխատում է ֆուտբոլը զարգացնելու և առաջ մղելու համար՝ համաձայն եվրոպական ընդհանուր արժեքների, ինչպիսիք են խաղաղությունը և մարդու իրավունքների հարգումը, Օլիմպիական խարտիայի ոգով: Մենք վճռական ենք մնում Ուկրաինայի ֆուտբոլային հանրության հետ մեր համերաշխության մեջ և պատրաստ ենք մեր ձեռքը մեկնել ուկրաինացի ժողովրդին։

Որոշումները կընդունվեն ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կողմից և կհրապարակվեն վաղը»,- նշվում է պաշտոնական հայտարարության մեջ:

Ավելի վաղ կազմակերպությունը հայտնել է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահը որոշել է փետրվարի 25-ին, ժամը 10:00-ին գումարել Գործադիր կոմիտեի արտահերթ նիստ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօրվա ասուլիսին հայտարարել էր, որ Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով 2022 թվականի մայիսի 28-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը տեղափոխել մեկ այլ քաղաք և ընդհանրապես դադարեցնել դիտարկել ռուսական քաղաքները՝ որպես միջազգային ֆուտբոլային մրցույթների անցկացման վայր։

Հավելենք, որ Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելուց հետո Պրեմիեր լիգայի առաջնությունը դադարեցվել է։ Ռուսաստանի Պրեմիեր լիգան տեղափոխել է մի քանի հանդիպումներ, որոնք պետք է տեղի ունենային երկրի հարավում։